Իրանական կործանիչը փորձել է որսալ ամերիկյան անօդաչուն Պարսից ծոցի վրա, սակայն տեղի է տվել՝ հանդիպելով ԱՄՆ երկու ռազմական ինքնաթիռների դիմադրությանը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական հայտարարությանը:
ԱՄՆ իշխանություններն ընդգծել են, որ Predator անօդաչու թռչող սարքը դիտարկում է անցկացրել ծոցի չեզոք ջրերի վրա, երբ այն փորձել է որսալ իրանական F-4 կործանիչը:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռներից մեկը զգուշացնող կրակոց է արձակել իրանական կործանիչի ուղղությամբ, սակայն ավելի ուշ բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են այս տեղեկատվությունը:
Իրանի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են արտասահմանյան անօդաչուներ որսալու մասին: Մասնավորապես, 2013թ. սկզբին Թեհրանը հայտարարել է, որ վերջին կես տարվա ընթացքում որսացել է ամերիկյան երկու անօդաչու թռչող սարք: ԱՄՆ-ի ռազմա-ծովային ուժերի շտաբում այս տեղեկատվությունը հերքել են՝ միաժամանակ խոստովանելով, որ սարքերը հավանաբար ընկել են ծովը:








































