Ռուսական հատուկ ծառայությունները կարող են Skype-ի խոսակցությունները գաղտնալսել: Այս մասին «Վեդոմոստիին» հայտնել են տեղեկատվական անվտանգության շուկայի մի քանի ներկայացուցիչներ:
Group-IB գլխավոր տնօրեն Իլյա Սաչկովի խոսքով՝ հատուկ ծառայություններն արդեն մի քանի տարի է՝ կարող են ոչ միայն գաղտնալսել, այլև որոշել Skype-ի օգտատիրոջ գտնվելու վայրը: Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով իրենց ընկերությունում աշխատակիցներին արգելված է Skype-ով աշխատանքային թեմաների շուրջ խոսել:
Այն բանից հետո, երբ 2011 թվականի մայիսին Microsoft-ը ձեռք բերեց Skype-ը, Skype-ի հաճախորդին տրամադրեց օրինական գաղտնալսման տեխնոլոգիա՝ ասել է Peak Systems-ի գործադիր տնօրեն Մաքսիմ Էմը: Այժմ ցանկացած բաժանորդի հնարավոր է կցել հատուկ ռեժիմի, որում կոդավորման բանալիները կգեներացվեն սերվերում:
Սերվեր հասանելիություն ստանալով՝ կարելի է լսել խոսակցությունն ու կարդալ նամակագրությունը: Microsoft-ն այդ տեխնոլոգիայից օգտվելու հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհի հատուկ ծառայություններին, այդ թվում և ռուսների՝ հայտնում է փորձագետը:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի երկու մասնագետների խոսքով՝ ռուսական ծառայությունները Skype-ի խոսակցություններին կամ հաղորդագրություններին հետևելու համար միշտ չէ, որ ստանում են դատարանի որոշումը: Երբեմն դա տեղի է ունենում՝ պարզապես Microsoft-ում հարցում կատարելով:
Անվտանգության դաշնային ծառայության և ՆԳՆ-ի աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանություններից:










































