«ՀայԹեք Արմենիա» բրենդը մարտի 5-9-ը ներկայացվել է Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած CeBIT 2013 աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական պատվիրակության ներկայացուցիչները («Լոկատոր», «Լայմտեխ» և «Իքս-Թեք» ընկերությունների, Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիա) մեծ գոհունակություն հայտնեցին ցուցահանդեսի արդյունքներից:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանը տեղեկացրեց, որ հայկական բարձր տեխնոլոգիական լուծումները ներկայացված էին ԻՏՁՄ 9 քմ մակերեսով տաղավարում, որտեղ այցելուներին տեղեկատվություն էին տրամադրում ոչ միայն ներկա ընկերությունների, այլև Հայաստան երկրի մասին ընդհանրապես՝ որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի:
Վ. Հովսեփյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ավելի քան 250 ընկերությունների հետ՝ Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Նորվեգիայից, Բանգլադեշից, Չինաստանից, Ճապոնիայից և այլ երկրներից: Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսական, չինական կողմերի հետ: Այս տարի «ԴիջիԹեք» ցուցահանդեսին կլինեն նաև cebit-յան մասնակիցներ, ինչպես նաև հայկական 15 ընկերություններ կմասնակցեն Հոլանդիայի ԱԳՆ CBI ծրագրին և հնարավորություն կունենան ներկայացվելու եվրոպական շուկաներում:
Վ. Հովսեփյանի խոսքով՝ նման ցուցահանդեսներին ՀՀ պետական մասնակցության բացակայությունը շատ է ընկճում. «Մյուս երկրները, որտեղ ՏՏ-ն գերակա չի հայտարարվել, ներկայացված էին նաև պետական մակարդակով, իսկ ՀՀ-ն՝ ոչ: Միայն մասնավոր հատվածով չի որոշվում դա: Էլ չենք խոսում պետական աջակցության մասին, առավել ևս՝ ֆինանսական: Եթե ոլորտը գերակա է, ուրեմն պետք է փորձել ոլորտը ներկայացնել աշխարհին և ներդրումներ ներգրավել»:
ԻՏՁՄ փոխտնօրենը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանն ու Վրաստանն ընդհանրապես ներկայացված չէին CeBIT 2013-ին: Նրա խոսքով՝ Վրաստանի ՏՏ ոլորտի բացվածքը մի քիչ այլ է, այնտեղ ավելի շատ են պետական կառույցները, և եթե մեր ՏՏ մասնավոր հատվածն ընդունենք 100%, ապա վրացականը ընդամենը դրա 20%-ն է:
Նշենք, որ հայկական պատվիրակության մասնակցությունը CeBIT ամենամյա ցուցահանդեսին հնարավոր էր դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության «Ներմուծումների խթանման կենտրոն» (CBI) գործակալության աջակցությամբ:









































