Օրերս Սդղի գյոլ կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։
Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների համաձայն` նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:
Փաստաբան Հայկ Ալումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս գործի բոլոր մանրամասները չգիտի, որ գնահատականներ տա, բայց նշեց, որ իր ունեցած գործերի փորձից կարող է ասել, որ եթե Սուրիկ Խաչատրյանի որևէ հարազատի ձերբակալում են, դա ամենևին էլ չի նշանակում, որ հետո կկալանավորեն, իսկ եթե կալանավորում են, դա դեռ չի նշանակում, որ հետագայում գործը կհասնի դատարան, ինչպես Բուդաղյանների դեպքում։ Իսկ եթե անգամ գործը հասնի էլ դատարան, և նա դատապարտվի, չի բացառված, որ կարճ ժամանակ հետո, ինչպես Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Մայիս Խաչատրյանի դեպքում, ներում կշնորհվի։ Մայիս Խաչատրյանը դատապարտվել էր սպանության համար, բայց Սերժ Սարգսյանը նրան ներում շնորհեց։
«Այսինքն՝ արդեն լայն մեթոդաբանություն է մշակված այդ ընտանիքին օգնելու, և ամեն եղանակ կիրառվում է դրա համար։ Մի՛ մոռացեք, որ Մայիս Խաչատրյանի գործը, երբ Մայիս Խաչատրյանը սպանության համար դատապարտվեց, բայց շատ կարճ ժամանակահատված հետո նախագահի հրամանագրով նրան ներում շնորհվեց, և հանրությունը դրա մասին շատ պատահաբար իմացավ, կարող էր անգամ չիմանալ։ Այնպես որ ես բոլոր դեպքերում այս արտաքին դրսևորումներից այդքան չէի ոգևորվի»,- հավելեց Հայկ Ալումյանը։
Որքանո՞վ է իշխանությունը փորձում հավասարակշռել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի և այս ծեծկռտուքի գործերը։
Փաստաբանը նշեց, որ հավասարակշռելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ Արա Բուդաղյանը ընդհանրապես կապ չունի այդ ամենի հետ։
Փաստաբանի խոսքով՝ խորհրդային ժամանակների մտայնությունը պետք է վերացնել, որ եթե մեկին ձերբակալել են կամ կալանավորել են, ուրեմն մի բան արել է։ «Արա Բուդաղյանի դեպքում տեսնում եմ, որ այդպիսի գիծ է տարվում, որը իրականությանը բոլորովին չի համապատասխանում։ Արա Բուդաղյանի նկատմամբ ընդհանրապես որևէ նյութ, ապացույց, փաստ գոյություն չունի։ Նա այսօր կալանավորված է կամային որոշման հիման վրա»,- հավելեց Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը փաստաբանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ապօրինություն և սանձարձակություն էր որակել։
«ԱԱԾ-ի բերած փաստաթղթերից ոչ մեկում Արա Բուդաղյանի մեղքն ապացուցող որևէ տող չկա: Իսկ Արա Բուդաղյանը մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ դրդելու մեջ»,- ասել էր նա։









































