Աթենքի երկխոսությունը վարկատուների հետ՝ Հունաստանի արտաքին պարտքի կրճատման և վերակառուցման հնարավորության վերաբերյալ, շարժվել է մեռյալ կետից: Երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել ԱՄՆ ֆինանսների նախարարության աշխատակիցը՝ հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ դեռևս «2 շաբաթ առաջ հարցի քննարկումը՝ (հունական) պարտքի վերակառուցման հնարավորությունը ընդհանրապես կվերանայվի՞, թե՞ ոչ, այլ կերպ էր ընթանում, քան այժմ»:
«Իսկ այժմ հարցն այն է, թե դա (պարտքի վերակառուցումը) ինչպիսի ձև կընդունի և որքանով նշանակալի կլինի»,- Reuters-ը մեջբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչի խոսքերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եվրոպացի վարկատուները համաձայն են հետագայում թեթևացնել Հունաստանի պարտքային բեռը՝ պայմանով, որ Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը կարողանա ժամանակին իրականացնել ֆինանսական օգնության 3 տարվա ծրագրի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր բարեփոխումները:










































