«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
– Պարոն Ենոքյան, ներկայացվել են փոփոխված Սահմանադրության առաջին 7 գլուխները։ Վիճահարույց կետերից մեկը վերաբերում է հենց ՀՀ նախագահին, որն այս փոփոխություններով կարող է ընտրվել միայն մեկ անգամ և 7 տարի ժամկետով: Հայաստանի համար այս տարբերակն ինչքանո՞վ է հարմար:
– Անկեղծ ասած՝ անհասկանալի դրույթներ են, անհասկանալի կերպով Սահմանադրությունը բարդացվում և փոփոխվում է: Անհասկանալի է նախ այն, որ մեկ անգամ 7 տարով է ընտրվում, ընտրիչների ինստիտուտն էլ է անհասկանալի: Խնդիրն այն է, որ քաղաքացիների ուշադրությունը հիմնականում սևեռվի դրա վրա և հիմնական խնդրին ավելի քիչ անդրադարձ լինի: Իսկ իրական խնդիրն այն է, որ պետք է լինի իշխող միայն մեկ կուսակցություն: Այսինքն՝ ըստ էության, ունենում ենք այնպիսի վիճակ, երբ իշխանության փոփոխությունն այլ կերպ, քան հեղափոխությամբ, հնարավոր չի կարող լինել:
Մյուս կարևոր խնդիրն այն է, որ ընդհանրապես վերանում է հակակշիռների մեխանիզմը: Իսկ Սահմանադրության ամբողջ իմաստը պետական կառավարման համակարգում հակակշիռների մեխանիզմներ ստեղծելն ու ներդնելն է:
– Նշվում է, որ ՏԻՄ ընտրություններին կարող են ընտրել և ընտրվել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: Իսկ արդեն նախագահի ընտրությունը կատարում են ԱԺ պատգամավորներն ու ընտրիչների ժողովը, որն իր հերթին կազմվում է ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրված անձանցից: Ստացվում է, որ ՀՀ նախագահին կարող են ընտրել անձինք, որոնք ՀՀ քաղաքացի չեն և առհասարակ օտարերկրացի են:
– Ըստ էության առաջանում է մի վիճակ, որ նախագահը չունի կարևոր լիազորություններ, բայց, այնուամենայնիվ, ոչ լեգիտիմ նախագահ է լինում, որն ընտրվում է անհասկանալի ճանապարհով անհասկանալի մարդկանց կողմից:
Ուրիշ խնդիր ասեմ՝ վարչապետը ներկայացնում է, նախագահը հաստատում է, ասենք՝ նախագահը չհաստատեց, ի՞նչ է լինելու: Կան նաև նման սահմանադրական ճգնաժամներ:
Այսինքն՝ անհասկանալի է, թե ինչու է պետք, որ այսքան բարդացվի: Գուցե նրա համար, որ իշխանության համար ցանկալի տարբերա՞կը անցկացվի, և դա ներկայացվի որպես փոխզիջումային տարբերակ: Ես ծանոթ չեմ մի այնպիսի երկրի, որտեղ պահանջ դրված լինի, որ անպայման մեկ կուսակցության կողմից ձևավորվի կառավարությունը: Այսինքն՝ Խորհրդային Միությունում նման բան եղել է, և սա ես համարում եմ շատ լուրջ հետքայլ:
– Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը: Ընդդիմախոսները նշում են, որ իշխանությունն այս կերպ ցանկանում է վերարտադրվել, սակայն վերջերս Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը չի հավակնում նաև Ազգային ժողովի նախագահի պաշտոնին: Ավելի վաղ ինքը՝ Սարգսյանն ասել էր, որ ցանկություն չունի զբաղեցնելու նաև վարչապետի պաշտոնը:
– Ես չգիտեմ՝ Դավիթ Հարությունյանն ինչու է նման բան հայտարարում, և չգիտեմ՝ այս հայտարարությունից հետո արդյոք Սերժ Սարգսյանը կհետևի՞ այդ հայտարարությանը: Սա արվում է իշխանության վերարտադրության համար: Ընդհանրապես ցանկացած իշխանության խնդիրն է ավելի շատ իշխանություն ձեռք բերելը, ինչը նորմալ է: Բայց դրա համար գոյություն ունի Սահմանադրություն, որն այդ դեպքում պատ է դնում և թույլ չի տալիս ավելի շատ իշխանություն ձեռք բերել: Իսկ այս իշխանությունը լրիվ հակառակն է:
– Ըստ Ձեզ՝ այս Սահմանադրությունն ինչքանո՞վ է համաձայնեցված Մոսկվայի հետ: Հայաստանն իր բոլոր որոշումները կարծես համաձայնեցնում է Մոսկվայի հետ, մասնակցում ռուսական բոլոր հնարավոր ձևաչափերին: Սահմանադրության այս փոփոխությունները նո՞ւյնպես համաձայնեցված են Ռուսաստանի հետ:
– Ես նույնիսկ ռիսկ կանեմ ասելու, որ այս Սահմանադրությունը գրված է որպես պիլոտային տարբերակ՝ Ռուսաստանում Սահմանադրությունը փոխելու համար: Այնպես որ, կարծում եմ՝ Մոսկվայի հետ համաձայնեցված է: Պուտինն իր և իր կլանի իշխանությունը հավերժացնելու համար նման մի բանի կարիք ունի: Ռուսաստանը դեմ չի լինի այս փոփոխություններին:
Ամենակարևորն այն է, որ այս Սահմանադրությունն իր ոգով և բովանդակությամբ շատ նման է Խորհրդային Միության Սահմանադրությանը, դեպի ուր գնում է Ռուսաստանը:
– Ձեր տպավորությամբ՝ այս փոփոխությունների ընդդիմախոսները կարո՞ղ են հասնել նրան, որ գործը նույնիսկ հանրաքվեին չհասնի: Կան կուսակցություններ, որոնք խստորեն քննադատում են, կան նաև այնպիսիք, որոնք նախկինում քննադատում էին, բայց հիմա հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ և քննարկում:
– Ես կարծում եմ՝ մինչ մասնագիտական հանձնաժողովը իր տեսակետը կներկայացնի՝ ճիշտ կլիներ, որ այն մշակվեր քաղաքական գործիչների կողմից, հետո տրվեր, որպեսզի իրավաբանները հղկեին: Հիմա քաղաքական գործիչները բոլորովին դուրս են մնացել քննարկումներից, և այն քննարկման է դրվում այն ժամանակ, երբ քաղաքական կյանքը հնարավորինս պասիվ է՝ արձակուրդների սեզոն է: Սեպտեմբերի կեսերին մենք ականատես կլինենք մի այնպիսի իրավիճակի, որ Սահմանադրությունը դրվեց, բայց այդպես էլ չքննարկվեց:
– Ձեր կարծիքով՝ հասարակական բողոքի ալիք կլինի՞:
– Մնում է այդ տարբերակը, որովհետև այս ամենին ընդդիմանալու այլ լեգիտիմ ճանապարհ չկա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։









































