American Israel Public Affairs Committee (AIPAC) իսրայելամետ կազմակերպությունն աջակցել է նոր խմբի ստեղծմանը, որի նպատակը կլինի Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ստորագրված գործարքի դեմ պայքարը: Միաժամանակ, այլ հրեական կազմակերպություններ հանդես են գալիս հօգուտ համաձայնագրի, հայտնում է Forward-ը:
Հաղորդվում է, որ AIPAC-ի ակտիվիստներն ընդհատել են արձակուրդն ու վերադարձել աշխատանքի Թեհրանի հետ համաձայնության ֆոնին:
AIPAC-ը հայտարարել է «Քաղաքացիները՝ հօգուտ առանց միջուկային Իրանի» նոր շարժմանը ֆինանսական աջակցության մասին, որի նպատակը կլինի Իրանում միջուկային զենքի ստեղծման կանխումը: Խումբը գլխավորում են 5 նախկին սենատորներ և կոնգրեսականներ, այդ թվում՝ Ջո Լիբերմանը, որը 2000թ. հավակնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնին:
Շարժումը մտադիր է մոտ 20-40 մլն դոլար ծախսել հանուն դրված նպատակի և 30-40 նահանգներում իրազեկման արշավներ իրականացնել: Նոր խմբի մամլո քարտուղար Պատրիկ Դորթոնի խոսքով՝ իրենք ակնկալում են իրենց կողմը գրավել երկու կուսակցություններին էլ, առաջին հերթին՝ դեմոկրատներին, հայտնում է The New York Times-ը:
Մինչ AIPAC-ը պայքարում է գործարքի դեմ, հրեական J-Street կազմակերպությունը, ընդհակառակը, արշավ է սկսել հաջակցություն Իրանի հետ գործարքի և մտադիր է կոնգրեսականներին փորձել համոզել հաստատել պայմանագիրը: Կազմակերպությունն իր աշխատանքի համար 2 մլն է հավաքել:
The Washington Post-ը նշում է, որ J-Street-ը և Իրանի հետ գործարքի մյուս կողմնակիցներն օգտվում են Սպիտակ տան աջակցությունից:
Իրանի հետ համաձայնագրի դեմ պայքարին միացել է նաև Հանրապետական հրեական կոալիցիան, որը որոշել է իր ջանքերը կենտրոնացնել Կոնգրեսի երկու պալատների հրեա անդամների ճնշման վրա:









































