«Ափսոսանք եմ հայտնում այն բանի կապակցությամբ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները ինձ ներկայացրել են որպես ադրբեջանական ժողովրդի «թշնամի»: Դա այդպես չէ: Ես խորը հարգանքով եմ վերաբերվում միլիոնավոր աշխատասեր ադրբեջանցիներին` ազնիվ և հասարակ մարդկանց»,- VK-ի իր էջում գրում է վերջերս Լեռնային Ղարաբաղում հաստատված ռուսաստանցի գործարար, մուլտիմիլիոնատեր Գերման Ստեռլիգովը՝ դիմելով ադրբեջանական ժողովրդին: Այս մասին հայտնում է armedia.am-ը:
«Հենց իմ բարի վերաբերմունքը ձեր նկատմամբ ինձ հուշեց, որ այսօր հրապարակայնորեն հաստատեմ պատմական ճշմարտությունը. Ղարաբաղը հին հայկական հող է: Առանց բացառության բոլոր հին գրությունները, պահպանված քարտեզները, հնագույն գերեզմանները վկայում են, որ Ղարաբաղը հայկական հայրենի հող է:
Օգտվելով պատմության հարցերում ադրբեջանցի և ռուս ժողովուրդների ճնշող մեծամասնության անտեղյակությունից՝ ստոր քաղաքական գործիչները՝ սկսած Տրոցկուց և Քեմալից մինչև Կոսիգինը և Հեյդար Ալիևը, խաբել են և ձեզ, և մեզ: Նրանք մասնատել են Հայաստանի պատմական տարածքը և հող ստեղծել ապագա ազգամիջյան պատերազմների համար:
Հենց քաղաքական գործիչները և ծախված կողմնակալ գրողներն ու ռեժիսորներն են թունավորում հայ և ադրբեջանցի ժողովուրդներին՝ դրդելով արյունոտ ճակատամարտերի: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գլխավոր սադրիչները գտնվում են Հայաստանից և Ադրբեջանից հազարավոր կիլոմետրեր հեռու` ԱՄՆ-ը և Իսրայելը»,- գրել է գործարարը:
Ստեռլիգովը կոչ է անում ադրբեջանցիներին ուսումնասիրել սկզբնաղբյուրները, հին գրառումները, տարեգրությունները և վերջին 150 տարվա փաստաթղթերը:
«Համաձայնվեք՝ ցանկացած պատմական վիճաբանություն ավելի լավ է, քան պատերազմը: Իսկ պատմության հարցում վիճաբանությունը ոչ այլ ինչ է, քան հին գրավոր աղբյուրների համեմատությունը: Ձեզ կներկայացնեմ այն աղբյուրները, որ ունենք մեր տրամադրության տակ: Իսկ ունե՞ք արդյոք դուք ինչ-որ հին աղբյուրներ, որ ապացուցում են ադրբեջանական կողմի ճշմարտացիությունը Ղարաբաղի հարցում: Ես այդպիսի բան չգիտեմ: Խնդրում եմ, եթե դուք ունեք՝ ներկայացրեք միջազգային հասարակության ուշադրությանը: Ընդգծում եմ, որ խոսքը վերաբերում է պատմական հին գրություններին, այլ ոչ թե ժամանակակից «պատմության» պրոֆեսորների ողբալի դիսերտացիաներին: Առաջարկում եմ ձեզ առաջին կլոր սեղանը՝ Ղարաբաղի պատմական սկզբնաղբյուրների ուսումնասիրության համար հավաքվել իմ մերձմոսկովյան կամ Շուշիի տանը: Ադրբեջանցի հյուրերի ապահովությունը և Մոսկվայում, և այստեղ ես ապահովում եմ»,- գրել է Ստեռլիգովը:









































