Pxlfctry ընկերությունը թողարկել է The World According to Kanye անվճար էլեկտրոնային գիրքը ռեփեր Քանյե Ուեսթի մեջբերումներով: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:
«Քանյեն ստոր, խենթ, իմպուլսիվ, ամբարտավան և ինքնասիրահարված է, բայց միևնույն ժամանակ նա ոգեշնչող է, ինովացիոն, խորաթափանց և խելացի է»,- նախաբանում գրել է գրքի խմբագիր Հերբերտ Լուն:
250-էջանոց հավաքածուում ներառվել են երաժշտի արտահայտությունները կյանքի, արվեստի, սիրո և իր մասին:
Օրինակ՝ գրքում բերվում է 2015թ. հունիսի 27-ին «Գլասթոնբերի» փառատոնում Ուեսթի խոսքը, երբ նա իրեն հայտարարել է ժամանակակից մեծագույն ռոք-աստղ և սեր է խոստովանել իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին:
Ուեսթի խոսքերից են նաև. «Ես ուզում եմ դադարել օգտագործել «նորաձևություն» բառը, քանի որ Եվան Ադամին ստիպեց խնձոր կծել: Այդ ժամանակվանից մերկ լինելն անօրինական է դարձել: Ես մարդկանց օգնում եմ ոճով հետևել օրենքներին»:










































