«Շատերը միանում են, մի մասն էլ կասկածում է: Ես չեմ կարողանում հասկանալ` նշում են, թե Հայերի միությունն է ասել, իրենք էլ թող տնկեն: Շատ մեծ նշանակություն ունի նաև հեռուստատեսությունը, որ կոչ անի, սա շատ լավ PR ակցիա է, ազգային խնդիր է, բոլորիս հաղթանակն է, բոլորիս միասնականությունը, և եթե նման հարցերի շուրջ մենք չենք կարողանում միանալ, ապա անհասկանալի է, թե մյուս խնդիրների շուրջ ինչպես պետք է միանանք»,- Ծիծեռնակաբերդում կազմակերպված ծառատունկի ժամանակ «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ նախատեսվում է մինչև 2015թ. 1,5 միլիոն ծառ տնկել ի հիշատակ Հայոց ցեղասպանության:
Աբրահամյանի խոսքերով, բացի հիշատակի ակցիա լինելուց, սա նաև միացնող ակցիա է. «Պետք է միանան բոլորը` անկախ կուսակցական պատկանելությունից, տարիքից: Սա ազգին միացնող, համերաշխության նշանակություն ունի: Բացի դրանից, սա հիշվող ակցիա է, այս երիտասարդությունը երբեք չի մոռանա, որ հավաքվել են ծառ են տնկել, հիմա էլ գնալու են չայ-կոֆե խմելու, պատմելու այս ամենի մասին»:
Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքերով, այս ծառատունկը մեկ անգամ ևս բոլորիս հիշեցնում է մեր պատմությունը, և հիշելով ավելի ուժեղանում ենք. «Կարողանում ենք ճիշտ մեխանիզմներ գտնենք մեր անվտանգության համար, որպեսզի հետագայում նմանատիպ դեպքեր չկրկնվեն, որ բոլորն իմանան, որ քանի տարի էլ անցնի Ցեղասպանությունը չի մոռացվելու»:
Աբրահամյանը բոլորին կոչ արեց միանալ իրենց կազմակերպած ակցիային և նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը այդ 1.5 միլիոն ծառը տնկելու հնարավորություն չունի. «Մենք կարող ենք միայն ծառերը տրամադրել: Կուզենայի, որ և՛ կառավարությունը, և՛ բոլոր կազմակերպությունները` թե՛ հասարակական, թե՛ բիզնես նշանակության, միանան, և բոլորս միասին մասնակցենք այս ծառատունկին»:









































