«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը։
-Զարուհի, չնայած հանրության ընդվզմանը՝ հոսանքի սակագինը բարձրացավ 7 դրամով: Հիմա Ազատության հրապարակում նստացույց է և ժամանակ է տրված իշխանությանը: Ինչպե՞ս կարող ենք հասնել նրան, որ յուրաքանչյուրը զգա, որ փոփոխությունն իրենից է կախված և դուրս գա փողոց։
-Այդ հարցը շատերն են տալիս, մանավանդ այս օրերին, երբ էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցնելու համար հանրային ընդվզման ալիք է բարձրացել: Ինչպե՞ս մարդկանց համոզել, վստահեցնել ու հավատացնել, որ իրենք կարող են ազդել որոշման վրա, կամ էլ կարող են փոխել որոշումներ: Եթե դիտարկենք քաղաքացիական պայքարի այն հիմնական օրինակները, որոնք հայաստանյան դաշտում տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում, կստանանք բավականին հետաքրքիր պատկեր: Սկսած «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանման համար պայքարից, երբ ձևակերպվեց հանրային տարածքների ու հուշարձանների պաշտպանության հարցը, քաղաքացիական հանրույթն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, որոնց մասին զարմանալիորեն խոսվում է կամ հեգնանքով, կամ էլ նախընտրում են լռել: Ի վերջո, այդ կառույցը մինչ այժմ կանգուն է ու արդեն քանի տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ցուցադրությունների մի մասն անցկացվում այդտեղ: Պահպանվեց նաև Մաշտոցի պուրակը, որն այժմ արդեն լիովին առևտրական տարածք կլիներ, եթե չլիներ 2012 թվականի պայքարը բուտիկների ապամոնտաժման և այգու պահպանության համար: Մաշտոցի պուրակում մեկտեղվել էին թե՛ բնապահպանական, թե՛ հանրային տարածքների պաշտպանության հետ կապված շեշտադրումները, միևնույն ժամանակ տարածքը դարձավ քաղաքացիական հորիզոնական դիսկուրսի ձևավորման հարթակ: Մարդու կյանքի անձեռնամխելիության և իշխող կուսակցության օլիգարխների ամենաթողության հարցը խնդրականացվեց «Հարսնաքարում», մահվան ելքով բռնության ակտի առնչությամբ տեղի ունեցած հանրային ընդվզման ժամանակ, որի արդյունքում Աժ պատգամավոր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ստիպված եղավ վայր դնել դեպքից ընդամենը երկու ամիս առաջ բազում խախտումներով և ընտրակաշառքով ձեռք բերած պատգամավորական մանդատը: Հիմա կասեն հա, հետո ի՞նչ, նեմեցը ԱԺ-ում չկա, իսկ Լիսկան Սյունիքի մարզպետ է: Բայց ո՞վ է խանգարում Սյունիքի ժողովրդին ոտքի կանգնել ու թույլ չտալ նմանատիպ կրիմինալ կերպարի գերիշխանությունն իր տարածքում: Այստեղ միայն ու միայն մտածելակերպի ու պատկերացումների փոփոխության խնդիր է, այդ իսկ պատճառով եմ ասում, փոփոխությունը մեր մեջ է, մեր պատկերացումների ու իրադարձությունների գնահատման տիրույթում: Երբ հաղթենք մեր միջի ստրուկին ու իսկապես վստահենք քաղաքացուն, մենք կարող ենք փոխել մի խումբ զավթիչների որոշումներն ու նրանց գծած սցենարները: Որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե իր ընտանեկան բյուջեում որքան գումար է տնտեսվել ուղեվաձի 100 դրամ սակագինը 150 դարձնելու մասին որոշման կասեցման արդյունքում: Ես հաշվարկել եմ, 100 դրամ շարժումը 2013 թվականին էր, 2 տարի շարունակ չվճարելով հավելյալ 50 դրամն ամեն օր, ես ընտանիքիս համար պատկառելի գումար եմ տնտեսել: Հիմա, եթե ձեռքներս թափ տայինք ու ասեինք, էհ, մեզնից միևնույն է որևէ բան կախված չէ, որոշողները վերևում նստած են ու կանեն այն ինչ ուզում են… իհարկե, կլիներ այն, ինչ նրանք ուզում էին անել:
-Ստացվում է, այն բոլոր դեպքերում, որտեղ հանրույթը վստահ է եղել իր ուժերին, հաղթանակն անխուսափելի՞ է եղել։ Այս դեպքում էլ դա հնարավո՞ր է:
-Ոչ միայն վստահ է եղել իր ուժերին, այլև հստակ իմացել է ինչի համար է դուրս գալիս, ձևակերպել է պահանջն ու հիմնավորել այն, միաժամանակ հետևողական, քայլերով, առանց ընկրկելու ու վարանելու, առանց թիրախը փոխելու պայքարել: Եվ ամենակարևոր նախապայմանը չի ծառայեցրել խնդիրն անհատական կամ խմբային շահին: Ցանկացած քաղաքացիական պոռթկում, որը կամ կուսակցականացվել, կամ էլ յուրացվել է որևէ խմբի կողմից, կորցրել է իր բաց-հորիզոնական բնույթն ու ի վերջո, դա ազդել է արդյունքի վրա: Այժմ էլ շատ կարևոր է էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցնելու հանրային ալիքը պահելն ու բաց մասնակցությունն ապահովելը: Դա ամեն քաղաքացու խնդիրն է և համամասնակից լինելն անչափ կարևոր է:
-Հայաստանի իշխանությունը այդպես էլ չկարողացավ թելադրել պայմաններ ռուս գործընկերոջը, այս դեպքում ՀՀ քաղաքացին կարո՞ղ է իր պայմանները թելադրել ՀԷՑ–ին, թե՞ քանի որ հայ–ռուսական հարաբերությունները վասալային են, միևնույն է սակագնի բարձրացման որոշումն անփոփոխ կմնա։
-Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչ վերաբերում է վարչախմբին, ապա այն չի ներկայացնում իշխանություն ու չի կարող որևէ մեկին բան պարտադրել, այն էլ սեփականատիրոջ, որի հովանավորությամբ է բռնազավթել ժողովրդին պատկանող իշխանությունը ու հայտնվել վասալի կարգավիճակում: Որքան մենք մեզ չնույնացնենք այդ վարչախմբի հետ ու ինքներս էլ չվասալանանք, այնքան ավելի ազատ կլինենք մեր խնդիրների լուծման գործում: Եթե իրենք կարող են աչք փակել վատ կառավարվող ձեռնարկության չարաշահումների վրա, քանի որ նույն կառավարման համակարգի կրողն են ու ներկայացուցիչը, ապա մենք ինչո՞ւ պիտի համակերպվենք: Ի վերջո, վճարողը մենք ենք, և վերջնական որոշումը մերը պիտի լինի:










































