Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան պատասխանել է այն ադրբեջանական քաղաքական գործիչներին, որոնք հայտարարել էին, թե ԱՄՆ-ը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին.
«Պաշտոնական Վաշինգտոնը շահագրգռված է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ: Ադրբեջանի հետ ԱՄՆ-ին կապում են մի շարք կարևոր պարտավորություններ: Ադրբեջանն ԱՄՆ-ի գործընկերն ու ընկերն է:
ԱՄՆ-ը չի միջամտում Ադրբեջանի ներքին գործերին: Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները, կառավարությունը և քաղաքացիական հասարակությունն իրենց ընդհանուր էներգիան ուղղեն ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսական բարեփոխումների ամրագրմանը:
ԱՄՆ-ը աշխարհի որևէ երկրում հեղափոխության կողմնակից չի հանդիսանում: Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ ընդդիմադիր առաջնորդներ Ալի Քերիմլիի և Իսա Գամբարի հետ հանդիպմանը, ապա անձամբ ես դրան չեմ մասնակցել:
Ես կարծում եմ, որ եթե ամերիկյան դեսպանատան որևէ աշխատակից հանդիպում է ունենում ընդդիմության ներկայացուցիչների հետ, ապա դրանում որևէ արտասովոր կամ դատապարտելի բան չկա: Դա ժողովրդավարական համակարգի մի մասն է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական պատգամավորները Բրայզային մեղադրել էին հայամետ դիրքորոշում ունենալու մեջ, ինչի պատճառը Ստեփանակերտի օդանավակայանի պատմության հետ կապված Բրայզայի արձագանքն է:









































