Մոնրեալի համալսարանը` ի դեմս բժիշկ Գրեգորի Վեսթի, պարզել է՝ եթե մարդը չափազանց շատ է տեսախաղեր խաղում, մեծանում է նյարդաբանական խանգարման ռիսկը, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է: Այս մասին հայտնում է Zee News-ը:
Թեև տեսախաղեր նախընտրողները տեսողական ուշադրության լավ արդյունքներ են գրանցում, նրանք նախընտրում են օգտագործել նավիգացիայի ռազմավարություններ, որոնք հիմնված չեն տարածական հիշողության համակարգի վրա (հիպոկամպ): Ստացվում է, որ նրանցից շատերի դեպքում հիպոկամպն անհրաժեշտ ծանրաբեռնվածություն չի ունենում: Իսկ դա մեծացնում է նյարդաբանական խանգարումների ռիսկը:
Վիճակագրության համաձայն՝ 21 տարեկանում մարդը միջինը մոտ 10000 ժամ խաղում է: Այստեղ կարևոր դեր ունի գեյմերի ուսուցման գործընթացը: Ընդհանուր առմամբ, գեյմերների կողմից որոշակի հմտությունների յուրացումը բավական հեշտ է հաջողվում: Ըստ փորձագետների՝ «էքշն» ժանրի տեսախաղերը, օրինակ՝ Сall of Duty-ն կամ Assassin’s Creed-ը, օգնում են զգայաշարժական հմտություններ յուրացնել: Այդպիսի հմտություններն առաջնային կարևորություն ունեն որոշ նեղ մասնագիտությունների համար: Օրինակը լապարոսկոպիկ վիրաբուժությունն է, երբ բժիշկը պետք է բարդ գործընթացը վերահսկի համակարգչային ինտերֆեյսի միջոցով:









































