Իսրայելում աշխատող պաղեստինցիներին չորեքշաբթի օրվանից սկսած արգելվել է տուն վերադառնալ իսրայելցիների հետ նույն ավտոբուսներով: Այս մասին Agence France-Presse-ին ասել է Իսրայելի պաշտպանության նախարարի ներկայացուցիչը:
«3 ամսվա համար հաշվարկված փորձնական նախագծի համաձայն՝ չորեքշաբթի օրվանից սկսած՝ Իսրայելում աշխատող պաղեստինցիները տուն կվերադառնան նույն ճանապարհով, բայց չեն կարողանա օգտվել նույն ավտոբուսներից՝ ինչ Հուդեայի և Սամարիայի բնակիչները (Հորդանան գետի Արևմտյան ափի)»,- ասել է նախարարության ներկայացուցիչը:
Իսրայելը 1967թ. Հորդանանից գրավել է Արևելյան Երուսաղեմը, ավելի ուշ այն բռնակցել է՝ ամբողջ քաղաքը հայտարարելով իր միասնական և անբաժանելի մայրաքաղաք: Համաշխարհային հանրությունը չի ճանաչում բռնակցումը և պնդում է, որ 800-հազարանոց քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունների ընթացքում: Պաղեստինյան վարչակազմը Արևելյան Երուսաղեմը դիտարկում է որպես պաղեստինյան պետության ապագա մայրաքաղաք։










































