ԱՄՆ Ֆլորիդա նահանգի և Կուբայի միջև 50 տարում առաջին անգամ կսկսեն լաստանավեր երթևեկել։ ԱՄՆ իշխանությունները թույլատրել են վերսկսել ծովային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 1960 թվականին սահմանված առևտրային էմբարգոյի պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
2014-ի դեկտեմբերին Վաշինգտոնը հայտարարել էր Հավանայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման մասին։
Արգելքի հանումից հետո 4 ընկերություններ հայտարարել են ծովային փոխադրումների լիցենզիայի ստացման մասին։
«Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, մենք կկարողանանք սկսել փոխադրումներն արդեն սեպտեմբերին»,- հայտարարել է United Americas Shipping Services ընկերության նախագահ Ջոզեֆ Հինսոնը։
Baja Ferries ընկերությունում հայտարարել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մայիսի 5-ին լիցենզիա է տվել, սակայն Կուբայի իշխանությունների հետ դեռևս պաշտոնական համաձայնագիր չի կնքվել։
Երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը վերջին ամիսներին արագացել է, որի հանգուցալուծումն է դարձել վերջերս Ռաուլ Կաստրոյի հետ Օբամայի անձնական ջերմ հանդիպումը։









































