Այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսի ժամանակ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ինքը ընտրված նախագահ է: Նա նաև ասաց, թե մինչև վաղը ժամը 17.00-ն ինքը սպասում է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ Ս. Սարգսյանը պետք է շնորհավորի հայ ժողովրդի հաղթանակն ու իրեն:
Լրագրողների այն հարցին, թե եթե վաղը մինչև այդ ժամը Ս. Սարգսյանը չարձագանքի իր հայտարարությանը, ինքը նրա հրաժարականը կպահանջի՞, Ր. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ես որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել և չեմ պահանջում, բայց ով զգում է այդ պահանջը, ինքը դա կարող է անել»:
Իր խոսքի մեջ Ր. Հովհաննիսյանը մի քանի անգամ մեղադրանքներ հնչեցրեց՝ ակնարկելով ՀԱԿ-ին և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նախ՝ հիշեց 2008 թ.մարտի 1-ի իրադարձությունները և ասաց, թե այդ ժամանակ «Ժառանգությունը» ցույց է տվել, թե ինչ է նշանակում լինել ոչ թե քաղաքական գործիչ, այլ քաղաքացի: «Ուրիշները փախած էին, «Ժառանգությունը» կանգնած էր ոստիկանի և քաղաքացու միջև»,- հայտարարեց նա:
Ընտրությունների գիշերը Ր. Հովհաննիսյանը հայտարարել էր, թե հայ ժողովուրդը նշում է 20 տարվա ընթացքում առաջին հաղթանակը՝ ակնարկելով, որ նախագահական ընտրություններում իր ստացած արդյունքները հայ ժողովրդի հաղթանակն է: Արդյո՞ք ժողովրդի հաղթանակները չէին 1998 թ. Կարեն Դեմիրճյանի, 2003 թ. Ստեփան Դեմիրճյանի և 2008 թ. Լ. Տեր-Պետրոսյանի գրանցած արդյունքները: Չէ՞ որ նույն Ր. Հովհաննիսյանի նման այս թեկնածուներն էլ գտնում էին, որ իրենք հաղթել են, բայց իշխանությունները կեղծել են ընտրությունները: Ր. Հովհաննիսյանը համաձայնեց Կարեն և Ստեփան Դեմիրճյանների մասով, իր կողմից ավելացրեց 1996 թ. Վազգեն Մանուկյանի ընտրությունը, բայց Լ. Տեր-Պետրոսյանի անունը չտվեց: Այն դեպքում, երբ 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդող օրերին միացել էր նրա առաջնորդած շարժմանը:
Լրագրողները Ր. Հովհաննիսյանին նաև հարցրեցին, թե ինքը վախենո՞ւմ էր, կամ իր նկատմամբ սպառնալիքնե՞ր կային, որ դիմել է ոստիկանություն և անվտանգության ծառայողներ խնդրել: Չէ՞ որ մի քանի շաբաթ առաջ, երբ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր տեղի ունեցել, նա հրաժարվել էր ոստիկանությունից անվտանգության ծառայություն ստանալ: «Ժառանգության» ղեկավարը պատասխանեց, որ սպառնալիքներ չեն եղել, և ինքն այդ անվտանգությունը ոչ թե իր, այլև կնոջ՝ Արմինեի և երեխաների համար է ուզում: «Ի՞նչ եք կարծում, ես վախենո՞ւմ էի: Ես հիմա էլ չեմ վախենում: Ես մտահոգվում եմ իմ ընտանիքի համար, Արմենուհու և երեխաների համար: Դիմել եմ և հայցել եմ ոստիկանապետի որոշումը: Նա համաձայնել է, որ անհրաժեշտ է: Եթե մինչև վաղը առավոտ ասի, որ այլևս անհրաժեշտ չէ, ուրեմն մենք սիրով պետական միջոցներն այլևս չենք վատնի և ոստիկաններին իրենց իրական գործին կվերադարձնենք»,- պատասխանեց նա:
«Ժառանգության» ղեկավարը նաև ասաց, որ մի քանի օր հետո կտեղեկացնեն, թե ընտրությունների արդյունքները վիճարկելու համար Սահմանադրական դատարան դիմելո՞ւ են, թե՝ ոչ:
Ր. Հովհաննիսյանի ողջ ասուլիսը ներկայացված է տեսանյութում:









































