«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ռազմավարական կոնյուկտուրաների» կենտրոնի փորձագետների խորհրդի անդամ, սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ռազմավարական պլանավորման ծառայության ղեկավար, ռազմական փորձագետ Ալեքսանդր Սոբյանինը:
-Պարոն Սոբյանին, Ադրբեջանում տնտեսական ճգնաժամ է, նավթի գնի պատճառով գրեթե կիսով չափ նվազել են պետական բյուջեի եկամուտները: Տեսակետներ կան, որ այս ամենը կտրուկ անդրադարձ կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա, այսինքն Ադրբեջանն այս իրավիճակում կտրուկ քայլերի դիմի՝ քանի դեռ կան ֆինանսական միջոցներ պատերազմ վերսկսելու համար: Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք նման հավանականություն:
-Ոչ միայն հիմա, այլ ընդհանրապես այն խոսակցությունները, թե տնտեսական խնդիրները և ղարաբաղյան հակամարտության շուրջ առաջացած իրավիճակը փոխկապակցված են՝ պարզապես քաղաքագետների սադրանքն է: Համենայն դեպս, ես չեմ կարծում, թե կա փոխկապակցվածություն: Անգամ այն, թե որքան գումար են Հայաստանն ու Ադրբեջանը ստանում բանակի մարտունակության համար՝ նույնիսկ դրա հետ պետք չէ կապել, ուղակիորեն դա էլ կապ չունի:
-Իսկ որո՞նք են, Ձեր կարծիքով, այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի վերսկսման՝ արտաքին ուժերի , այլ երկրների ազդեցությու՞ն:
-Իհարկե, պատերազմի վերսկսման հնարավորությունը կարող է կախված լինել և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական գործոններից: Ասել, որ ներքին քաղաքական իրավիճակը Ադրբեջանում ռեվանշի տրամադրություն է՝ սխալ կլինի:
Տևական ժամանակ առաջ կար ոչ շատ մեծ քաղաքական ճնշում Ադրբեջանի նախագահի վրա որոշ գործիչների կողմից, բայց վերջին տարում Իլհամ Ալիևը ցույց տվեց, որ շատ ամուր պահում է իշխանությունը: Իսկ արտաքին քաղաքական գործոնը՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի, իսլամական ծայրահեղականների աջակցությունը նույնպես դրան չի բերի: ԱՄՆ-ը շատ տաք կետեր ունի աշխարհում, բավական է հիշեցնել միայն Ուկրաինան, որը լարվածության մեջ է պահում ողջ Ռուսաստանին և Եվրոպական միությանը, հիմա ուղղակի Ղարաբաղի ժամանակը չէ: Թուրքիան նույնպես դրանով հետաքրքրաված չէ, նույնիսկ այնպիսի ցավոտ հարցն ինչպիսին է Հայոց ցեղասպանության 100- ամյակին նվիրված միջոցառումները՝ շատ զուսպ է արձագանքում: Ըստ իս՝ ոչ մի արտաքին ուժ չի դրդի և չի սադրի , որ Ղարաբաղում պատերազմ լինի:Համենայն դեպս, 2015 թվականին չկան ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին հանգամանքներ, որոնք որ կդրդեին Իլհամ Ալիևին կամ Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմական գործողություններին: Այդպիսի հավանականությունը մոտ է 0-ին, 0-ական չէ, բայց մոտ է 0-ին:
-Իսկ խաղաղ կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ գերհասունացել է հակամարտության լուծման անհրաժեշտությունը: Առաջիկայում Ֆրանսիայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում լինի: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ ր է այնպիսի կոմպրոմիսային տարբերակների առաջ քաշում, որը թույլ կտա կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:
-Ես կցանկանայի այս հարցում երկու տեսակետ առաջ քաշել: Առաջին հերթին` նախարար Լավրովը ոչ մեկ, ոչ էլ երկու անգամ է նշել, որ ղարաբաղյան հարցը վաղ թե ուշ իր լուծումը ստանալու է , բայց այն այնքան դժվար ու պայթյունավտանգ է, որ ամենակարևորն այստեղ բոլոր կողմերի համաձայնությունն է: Իսկ բոլոր կողմեր ասելով նկատի ունեմ ոչ միայն Բաքուն, Երևանն ու Ստեփանակերտը: Խոսքը գնում է Մինսկի խմբի անդամ երկրների մասին ևս: Որքան հանգիստ ընթանա գործընթացը՝ այնքան ավելի լավ:
Երկրորդը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախկին պատգամավոր,(խմբ.1990-ական թվ-ներ), նկարիչ Ալեքսանդր Դիլբազիի տեսակետն է, որը նա արտահայտել է մեր կայքում տեղ գտած իր հոդվածում:
Ալեքսանդր Ռաշիդովիչը գրում է, որ այսօր իրավիճակն այնպիսի է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Եվրասիական ինտեգրացիայով: Ի թիվս այլ հարցերի, նա իր հոդվածում նշում է, որ ղարաբաղյան հակամարտությունը փաստացիորեն չի կարող որոշվել հասարակ դիվանագիտական ֆորմատով, բայց այն միանգամայն արդյունավետ լուծման հնարավորություն ունի, եթե երեք կողմերը գտնվեն նույն եվրասիական հարթությունում:
-Դուք կիսու՞մ եք այն կարծիքը, որ եթե հակամարտող կողմերը լինեն Եվասիական տնտեսական միության անդամ, ապա կոնֆլիկտը կկարգավորվի:
-Ես միանգամայն համաձայն եմ, որ այն դեպքում երբ երեքն էլ լինեն Եվրասիական տնտեսական միության անդամ, ավելի հեշտ կլինի հասնել լուծման: Ի դեպ, այդ լուծումը կլինի ոչ թե հարկադրված՝ այլ կողմերը դրան կգան սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ:
-Այդ դեպքում ի՞նչ տեսակ կոմպրոմիսներ եք պատկերացնում: Մինչ այժմ եղածներին , օրինակ մադրիդյան սկզբունքներին դեմ է կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը:
-Մադրիդյան սկզբունքները ֆորմատ է, որտեղ կա ռազմաքաղաքական ասպեկտ, այդպիսի ֆորմատները պիտանի չեն Եվրասիական տնտեսական միության համար:
Մենք չենք կարող պատկերացնել մի դրույթ, որտեղ Ռուսաստանի և Ղազախստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև եղած խնդիրը լուծվի եվրոպացիների, ամերիկացիների միջոցով: Իհարկե, բոլորովին այլ ֆորմատ կլինի: Հիմքում բարի կամքն է լինելու, երկար բանակցություններ կտարվեն, երկար կտևի, բայց արդյունքը բոլորին կգոհացնի:
Ինչպես էլ իրավիճակը դասավորվի` արդեն կարելի է հստակ ասել, որ Վրաստանը վաղ թե ուշ դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ: Ադրբեջանը ԵՏՄ անդամ ավելի շուտ կդառնա, Բաքվում հասկանում են դրա անհրաժեշտությունը:
-Դուք նշում եք, որ կոնֆլիկտը կհանգուցալուծվի, եթե Ադրբեջանը և Հայաստանը լինեն նույն տնտեսական միությունում, իսկ արևմուտքը դրան ինչպե՞ս կարձագանքի: Թույլ կտա՞ նման բան:
-Ես երկու կետով կուղղեի Ձեր հարցը: Դուք ասացիք, եթե Ադրբեջանն ու Հայաստանը լինեն Եվրասիական տնտեսական միության կազմում, ես ասում եմ ՝ ոչ թե եթե, այլ` երբ: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը սեփական կամքով կմտնի Եվրասիական միություն:
Երկրորդը՝ իրենց գործը չի, ոչ մի անգամ Մոսկվան, Մինսկն ու Աստանան ուշադրություն չեն դարձնի, դուր գալի՞ս է ամերիկացիներին, գերմանացիներին մեր միասնական ռազմա-քաղաքական-տնտեսական հարթությունը:
-Հարցս կոնկրետ ղարաբաղյան հակամարտությանն է վերաբերում. Փաստորեն, այդ կերպ Մոսկվան ամբողջն իր վրա է վերցնում և Արևմուտքը դուրս է մղվում գործընթացից:
-Ես կցանկանայի ժամկետներ ասել, բայց ժամկետները որոշվում են ոչ միայն Մոսկվայի, Ղարաբաղի , Երևանի ցանկությամբ, այլ գլոբալ օրակարգով: Այդ օրակարգը աշխարհի բոլոր կողմերն են, բոլորն էլ սպասում են անխուսափելի դարձած համաշխարհային պատերազմին: Ես վստահ եմ, որ Ադրբեջանը, ավելի ուշ` Վրաստանը կլինեն ԵՏՄ-ում՝ մոտակա 2-2․5 տարում դա իրականություն կդառնա:
Հետագա համաշխարհային օրակարգը չի թողնում այլ որոշում, բոլոր փոքր պետությունները պետք է մտածեն` ում հետ լինեն համաշխարհային պատերազմի ժամանակ, այլ ճանապարհ չունեն, անկախ նրանից` դա ում դուր կգա, ում ոչ: Տնտեսական ավելի լայն հնարավորություններ ունեցող երկրներին ՝ այլ կարգավիճակ ու արտոնություններ կտրվեն, ի տարբերություն Ղրղզստանի, Հայաստանի, Ադրբեջանը տնտեսապես ավելի լայն հնարավորություններ ունի, թեպետ էլի մեծ պետությունների շարքը չի դասվում:
Ղարաբաղի հարցով ԵՏՄ կազմում կլինի բարի կամք, և ոչ պարտադրանք: Ամփոփելով նշեմ, որ այս տարի՝ 2015 թվականին Ղարաբաղյան ճակատում պատերազմ չի լինի:










































