Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը հրապարակել է տվյալներ, այդ թվում նաև այն, թե վերջին տասը տարում Բաքուն ինչ կարգի ռազմական առևտուր է իրականացրել և որ երկրների հետ: Տվյալներն իսկապես տպավորիչ են:
Բաքուն զինող առաջատար երկրներից են ոչ միայն Թուրքիան, Ուկրաինան, որը Ադրբեջանի հետ ՎՈՒԱՄ անդամ է, Իսրայելը, այլ նաև Բելառուսն ու Ռուսաստանը: Այդ երկրները ՀԱՊԿ Հայաստանի դաշնակիցներն են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, բայց նաև փաստորեն Հայաստանի հակառակորդի առաջատար ռազմատեխնիկական գործընկերները:
Սա ունիկալ իրավիճակ է՝ ռազմաքաղաքական դաշնակցային բլոկի պետությունները սպառազինություն են մատակարարում մի պետության, որը իրենց բլոկային գործընկերոջ հետ ունի չկարգավորված հակամարտություն, սպառնում է պատերազմով և պարբերաբար կատարում է դիվերսիոն քայլեր: Եվ սա փաստորեն տեղի է ունենում տարիներ շարունակ, այսինքն՝ Հայաստանի ՀԱՊԿ-ի դաշնակիցները տարիներ շարունակ սպառազինում են Հայաստանի հակառակորդին, ու այդ մասին Հայաստանում լսվում են ընդամենը եզակի ձայներ, իսկ պաշտոնական մակարդակով էլ Հայաստանն ընդամենը վերջերս հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի անդամները չպետք է անեն քայլեր, որոնք չեն բխում Հայաստանի շահերից:
Այդ մասին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց դեկտեմբերին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում: Ընդ որում, հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը հայաստանյան քաղաքական և հասարակական դաշտում գրեթե մնաց անարձագանք: Այսինքն՝ որևէ տեղից փորձ չարվեց այդ հայտարարության տակ տեսնել պետական շահն ու փորձել հանրային թիկունք ձևավորել դրան, որպեսզի մեր դաշնակից հռչակված պետությունները առանց աչք թարթելու և առանց անհարմար զգալու չզինեն մեզ սպառնացող հակառակորդին:
Բացարձակապես կարևոր չէր, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանը բարձրացնում այդ հարցը Մոսկվայում: Կարևոր էր, որ դա բխում էր նաև պետական շահից, հետևաբար պետք էր խնդիրը ամրացնել հասարակական-քաղաքական կարծիքով: Սակայն, ինչպես անցնող տասնամյակում, այդպես էլ դեկտեմբերին ու մինչև հիմա՝ քար լռություն: Փոխարենը՝ Բելառուսին և Ռուսաստանին արդարացնելու բազմաթիվ փորձեր, որոնք էլ ավելի ցցուն են դարձնում խայտառակությունն ու ամոթը, որ առկա է, այսպես կոչված, դաշնակիցների պահվածքում, և նաև՝ Հայաստանի հասարակության ու քաղաքական ուժերի միջավայրում:
Փոխարենը այդ ուժերի որոշ առաջնորդներ և ներկայացուցիչներ պատրաստ են ոչ միայն ստանձնել Ռուսաստանի կամ Բելառուսի փաստաբանների դերը, այլ նաև, օրինակ, հպարտանալ Լուկաշենկոյի հետ ընկերությամբ, գործարաններ բացել Լուկաշենկոյի հետ միասին կամ լինել ռուսական արքունիքի թիվ մեկ մատակարարները և հպարտանալ սույնով: Ռուսական և բելառուսական արքունիքները Հայաստանին պատերազմով սպառնացող պետության ռազմական թիվ մեկ մատակարարներից են, իսկ Հայաստանում համարձակություն չկա այդ արքունիքներին ապրանք մատակարարելուց զատ՝ երբեմն-երբեմն նաև արժանապատվությամբ նամակներ «մատակարարել»՝ ցույց տալու համար, որ ի վերջո Հայաստանը պետություն է, ոչ թե մեծ արտադրամաս:










































