Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի արդյունքներին, նշեց, որ հասարակության որոշակի շրջանակներ, տեսնելով անձնազոհ քայլը, նոր լիցքեր ստացավ քաղաքացիականապես արթնանալու առումով: Ըստ նրա՝ ոմանք նորից սկսեցին մտածել, որ չի կարելի համակերպվել ստեղծված իրավիճակին, որ պետք է ինչ-որ նոր ճանապարհներ գտնել ռեժիմին դիմադրելու համար:
«Չեմ կարող ասել, թե այդ շրջանակները մեծ են, բայց ամեն դեպքում այնպես չէ, որ ընդամենը մի քանի անհատ է նոր լիցք ստացել այդ արարքից»,- ասաց փորձագետը:
Բացի դրանից՝ Անդրիաս Ղուկասյանի հացադուլին զուգահեռ ձևավորվեց քաղաքացիական ակտիվիստների մի նոր խումբ, որը, ըստ էության, նաև հայտ է ներկայացնում ընտրություններից հետո ինչ-որ նոր քաղաքացիական նախաձեռնություն ձևավորելու առումով:
Հացադուլի մյուս արդյունքը, ըստ փորձագետի, այն է, որ Անդրիաս Ղուկասյանը փաստացի հարստացրեց իր քաղաքական-քաղաքացիական կապիտալը, որը կարևոր է հետագա գործունեության համար:
Իսկ ի՞նչ չհաջողվեց: Էդգար Վարդանյանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանի առաջ քաշած պահաջները մնացին չբավարարված, այսինքն` իշխող կուսակցության թեկնածուի գրանցումը չհանվեց, և միջազգային դիտորդական առաքելությունները չլքեցին Հայաստանը:
«Կարծում եմ` ի սկզբանե պարզ էր, որ առաջադրված նպատակների իրականացման հնարավորությունը չափազանց փոքր էր: Ակնհայտ է, որ եթե առաջին պահանջն իրագործվեր, դա կնշանակեր, որ ռեժիմը փլուզվեց, որ իշխանությունները հանձնվեցին: Իսկ դիտորդների գնալու դեպքում դա կլիներ աննախադեպ մի բան միջազգային պրակտիկայում, որովհետև նման դեմարշներ արվում են այն ժամանակ, երբ պետությունը ամենածայրահեղ միջոցների է դիմում ժողովրդին ճնշելու համար, և միջազգային հանրությունը հայտարարում է, որ չի ճանաչում իշխանությունների լեգիտիմությունը»,- ասաց փորձագետը:
Էդգար Վարդանյանի խոսքով՝ ըստ Ղուկասյանի հացադուլի նկատմամբ վերաբերմունքի՝ հասարակությունը հիմնականում երեք խմբի է բաժանվել: Մի խումբն ամբողջությամբ դրական է վերաբերվում հացադուլին, երկորդ խումբը ազդված է Անդրիաս Ղուկասյանի անձնազոհությամբ, բայց անարդյունավետ պայքար է համարում դա:
Երրորդ խումբը, ըստ փորձագետի, հասարակության այն հատվածն է, որ մտածում է` այս ամենը շինծու է, ինչ-որ ուժերի կողմից ուղղորդված քայլ:
Հետագայում եթե առաջին խմբի մեջ գտնվող քաղաքացիները կարողանան ինքնակազմակերպվել և կոնկրետ խնդիրներ լուծել, կկարողանան փոխել երկրորդ և երրորդ խմբերի քաղաքացիների մոտեցումները։









































