Հայաստանի նախագահի ընտրության քարոզարշավը ավարտվեց: Քարոզարշավի վերջին օրերն ուղեկցվեցին ոչ միայն նախագահի թեկնածուների փոխադարձ կրակոցներով, որոնք ուժգնացան հենց վերջին օրերին, այլ նաև քարոզարշավն ամփոփելու փորձերով, որ կատարվում են մեդիայում և տարբեր վերլուծական կենտրոններում:
Այս ամենը նախագահի ընտրության, այսպես ասած, դասական կողմն է՝ քարոզարշավ, փոխադարձ մեղադրանքներ, սեփական առավելությունների մատնանշում` ի տարբերություն մրցակցի կամ մրցակիցների, վերլուծություններ քարոզարշավի ընթացքի մասին, դատողություններ ոճի և գաղափարների շուրջ: Հայաստանյան իրականության դասականությունը ենթադրում է նաև, այսպես ասած, ընդդիմադիր թեկնածուների միջև փոխադարձ մեղադրանքներ, որոնք այս անգամ հատկապես ակտիվացան Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո: Ի դեպ, մահափորձը,- բարեբախտաբար անհաջող,- հանդիսացավ ընթացիկ քարոզարշավի գրեթե միակ շեղումը դասականությունից: Դա էլ որոշակիորեն ինտրիգային իրավիճակ ձևավորեց մինչ այդ առանց որևէ ինտրիգի ընթացող արշավում: Սակայն այս դասականության, այսպես ասած, յուրահատուկ կանոնիկության հակառակ կողմում բուն իրականությունն է, որտեղ աշխատում են հայաստանյան ընտրարշավի իրական մեխանիզմները, հայաստանյան ընտրական գործընթացի պերճանքն ու թշվառությունը կազմող երևույթները:
Այդ ամենի մասին կարելի է խոսել երկար, բայց ամեն ինչ շատ կարճ ու հակիրճ բնութագրեց Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում արած հայտարարությամբ՝ ինչքան ուզեմ կխփեմ` 90, 80,70, 60: Այս հայտարարությամբ ամեն ինչ ասված է, առավել ևս, որ ոչ մի թեկնածու կարծես թե չփորձեց հստակորեն հակադարձելու և հակազդելու՝ չես կարող, չենք թույլ տա ասելու պատասխանատվություն ստանձնել: Դրանով ամեն ինչ ավարտված է կամ ավելի շուտ ամփոփված, որովհետև ամեն ինչ ավարտված էր շատ ավելի վաղ, ընդհանրապես հենց այն պահից, երբ Հայաստանում սկիզբ դրվեց ընտրություն կեղծելու և հակասահմանադրական մեխանիզմով իշխանություն հաստատելու, պահելու ավանդույթին: Դրանից հետո ամեն ինչ ավարտված է, քանի դեռ Հայաստանում շարունակում է ընդամենը դեմքերի տեղափոխությամբ գործել նույն այդ համակարգը:
Այս տեսանկյունից քարոզարշավի որևէ ամփոփում դառնում է բացարձակապես ավելորդ, որովհետև երբ հայտնի է, որ իշխանությունն ինչքան ուզի խփելու է, և չկա նրա ձեռքը բռնող, ապա որևէ նշանակություն չունի, թե արարողակարգային դասականության մեջ քարոզարշավն ինչպես է անցել: Հետևաբար` ամփոփելու բան չկա և որևէ բան ամփոփելու իմաստ չկա: Եթե նույնիսկ կան թեկնածուներ, որոնք մտել են այդ գործընթացի մեջ անկեղծ մղումով, միևնույն է` դա, խոշոր հաշվով, չի փոխում իրավիճակը, քանի որ անկեղծությունն այստեղ գործոն չէ, ի զորու չէ փոխել այն հետևանքը, որ Հայաստանի համար ունենալու է հերթական կեղծված ընտրությունը: Իսկ այդ հետևանքը հասարակության անզորության զգացումի հերթական պաշարն է լինելու: Մյուս կողմից` առաջանում է հարցը, թե իսկ ի՞նչ անել այդ գործընթացին չմիանալու, չմասնակցելու դեպքում: Այստեղ էլ պետք է նկատել, որ պատասխաններն առայժմ շատ չեն, իսկ եղածն էլ դեռևս մատչելի չէ հանրային լայն շերտերին: Առայժմ կա չմասնակցելու երկու տարբերակ:
Մեկը այն է, որ կիրառեցին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, այսինքն` չմասնակցել ընդամենը իրավիճակային որոշմամբ, այսինքն` տվյալ պահի կոնյունկտուրայից ելնելով, սակայն այդ չմասնակցության տակ չդնելով համակարգային և մեթոդաբանական այլ մոտեցում: Համենայնդեպս, չմասնակցելով հանդերձ, այդ կուսակցությունները հրապարակավ չեն մերժում ընդհանրական քաղաքական խաղի տրամաբանությունը և պատրաստվում են դրա հետագա խաղափուլերին:
Մյուս տարբերակն առաջարկում էր նախագահի թեկնածուներից մեկը՝ Անդրիաս Ղուկասյանը, հայտարարելով հացադուլ ՀՀԿ անօրինական մասնակցությունը և գոյությունը մերժելու պահանջով: Ղուկասյանը փորձում է կասկածի տակ առնել ոչ թե պահն ընդհանրապես, այլ համակարգն ամբողջությամբ` իր մասնակիցներով հանդերձ: Ղուկասյանը փորձում է ձևավորել քաղաքացիական ձևաչափով քաղաքական գործընթացների խթանման միջավայր: Այդ մոտեցումը կարծես թե արդեն իսկ ունի զգալի համակիրներ, որոնք քաղաքացիական հավաքներ են նախաձեռնում խնդիրը համակարգորեն քննարկելու և մշակելու համար: Թե ինչ հաջողություն կունենա այդ տարբերակը` դժվար է ասել, բայց եթե այն ձևավորվի, ապա ինքնին այդ հանգամանքը արդեն իսկ կունենա հանրօգուտ զգալի նշանակություն՝ գործունեության կոնկրետ խնդիրների և դրանց լուծման արդյունավետությունից զատ:
Ներկայիս ներքաղաքական գործընթացի կամ ներքին առկա իրավիճակի մեջ, թերևս, եզակի ռազմավարական ձեռքբերում կարելի է համարել այն, որ Հայաստանում արատավորված ընտրական համակարգի և քաղաքական խաղի ավելորդությունը և թատերականությունը գիտակցող քաղաքացիները և հանրային խմբերը փորձում են ձևավորել այդ ամենի զուգահեռ գործընթացը և հակադրվել արդեն ոչ թե միայն անուններով ու կարգախոսներով, այլ համակարգերով:









































