Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, Իսրայելն անհանգստացած է դեպի Գազայի հատված երկրորդ «Ազատության նավատորմիղի» առաքումից:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ Երուսաղեմում հավաքված եվրոպական դեսպաններին կոչ է արել կանխել այդ նավատորմի ստեղծումն ու առաքումը: Նեթանյահուն եվրոպական դեսպաններից նաև պահանջել է իրենց քաղաքացիներին արգելել մասնակցություն ունենալ դրանում:
«Երուսաղեմ փոսթի» հաղորդմամբ, նոր նավատորմը կազմվելու է 15 նավերից և Գազայի հատված է ուղևորվելու մայիսի վերջին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 31-ի գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին «Մեր ուղեգիծը Պաղեստինն է, իսկ բեռը` մարդասիրական օգնություն» կարգախոսով վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմիղի» վրա, որը 10 տոննա հումանիտար օգնություն էր տանում Գազա:
Հարձակման հետևանքով 16 մարդ սպանվեց, մոտ 30-ը՝ վիրավորվեց: Զոհվածների թվում էին Թուրքիայի 9 քաղաքացիներ: Իսրայելը վստահեցնում էր, որ 6 նավերով Գազայի հատված ուղևորվող շուրջ 700 ակտիվիստները նաև զենք են կրել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դա որակեց որպես «թուրքական սեպտեմբերի 11»` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ իրենց քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից: Իսկ Էրդողանն Իսրայելին անվանեց «ծովահեն»:
Այժմ թուրքական կողմն Իսրայելից շարունակ պահանջում է ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել տուժածների ընտանիքներին, ինչը, իսրայելական կողմի բնութագրմամբ, կնշանակի հանձնվել ահաբեկչությանը:










































