Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Չելյաբինսկի երկնքում արտասովոր պայթյունի մասին՝ ասաց, որ որևէ արտասովոր բան չի եղել, պարզապես ժամանակ առ ժամանակ երկրի մթնոլորտ են թափանցում տարբեր տիեզերական մարմիններ, որոնք Երկիր մոլորակից ունենում են տարբեր չափի հեռավորություն:
«Որպես կանոն, դրանք այրվում են մթնոլորտի հետ շփումից, բայց շատ խոշորները կարող են հասնել մթնոլորտի մակերևույթ, և այդ դեպքերում սովորաբար տեղի է ունենում տեղական բնույթի աղետ: Դրանք չեն կարող երկրի վրա գլոբալ ազդեցություն ունենալ՝ չնայած տպավորությունը շատ ուժեղ է, սարսափ է առաջացնում բնակչության մոտ»,- ասաց նա:
Մասնագետի փոխանցմամբ՝ ասուպային հոսքեր հաճախ են լինում, որոնք գիշերային երկնքից ընկնելով՝ աստղերի տպավորություն են թողնում: Դրանք հիմնականում երկնաքարեր են, որոնցից մենք միայն տեսնում ենք այրված լույսը:
Չելյաբինսկի երկնքում պայթել է նման մի երկնաքար, որի նմանները մասնագետները մեծության պատճառով անվանում են բոլիդ. Այս բոլիդներն էլ են հիմնականում անվնաս, քանի որ երկրագնդի մեծ մասը անմարդաբնակ է կամ ջրածածկ»:
Արեգ Միքայելյանը փոխանցեց նաև, որ հաշվառված երկնաքարերի անկումից առաջիկայում՝ մինչև 2020 թվականը, որևէ վտանգ չկա Երկրի համար, սակայն երբեմն տիեզերքում տարբեր պրոցեսներ են լինում, և վերահաշվարկների արդյունքում շեղումներ են հայտնաբերվում:
Հիշեցնենք, որ Չելյաբինսկի երկնքում երկնաքարի պայթյունի հետևանքով տաք մասնիկներ են թափվել Երկիր մոլորակի վրա, որից տուժել է ավելի քան 250 մարդ:










































