Karicartoon 2013 գերմանական օրացույցում հայտնաբերվել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի պաշտոնաթողության կանխագուշակություն: Այս մասին հայտնում է Bild թերթն ու հավելում, որ պաշտոնից հեռանալու մասին հովվապետը հայտարարել է փետրվարի 11-ին:
Espresso հրատարակչության երգիծական օրացույցի ծաղրանկարում նշված է փետրվարի 10 ամսաթիվը: Պատկերում հովվապետը երևում է հեռուստացույցի առջև նստած: Նա հետևում է վիճակահանության տոմսի թվերին: Հաղթելով՝ պապն ասում է. «Աստվա´ծ իմ, վաղը հրաժարական կտամ»: Իսկապես, փետրվարի 11-ին Պապը հայտնեց հեռանալու որոշման մասին:
Մարգարեական ծաղրանկարի հեղինակը նկարիչ Կատարինա Գրևեն էր: Նա այդ ծաղրանկարն արել է դեռևս 2011-ին և ուղարկել Espresso հրատարակչություն, որտեղ այն մնացել է մի քանի տարի:
2013-ի օրացույցը կազմելիս հրատարակիչ Յուրգեն Հոլթֆրեդերը պատահաբար ծաղրանկարը տեղադրել է փետրվարի 10-ի էջի վրա:
Համընկնումը ցնցել է հրատարակչին: Նա օրացույցներ է կազմում արդեն 30 տարի, այդ ընթացքում եղել են համընկնումներ, սակայն ոչ այս մասշտաբի:
Բենեդիկտոս XVI-ը հայտարարել է, որ որոշել է պաշտոնը լքել՝ վատթարացող առողջական վիճակի և պատկառելի տարիքի պատճառով: Ներկայում նա 85 տարեկան է: Կաթոլիկ եկեղեցու հովվապետ է դարձել 2005 թվականին, երբ 78 տարեկան էր:









































