ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի ոսկերչական գործարանում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող սիրիահայ ոսկերիչների հետ:
Ողջունելով ներկաներին, նախարարը ուրախությամբ նշել է, որ նրանք ցանկություն են հայտնում Հայաստանում իրենց գործը հիմնելու, միևնույն ժամանակ չի թաքցրել իր մտահոգությունը հմուտ և իրենց գործում հաջողակ ոսկերիչների ժամանակավոր անգործության կապակցությամբ: Հ. Հակոբյանը հորդորել է Հայաստանում գտնվող սիրիահայերին, որ նրանք օր առաջ հիմնեն իրենց գործն ու կոչ է արել առանց մտավախությունների ձեռնարկել առաջին գործնական քայլերը. «Պետությունը կանգնած է յուրաքանչյուրիդ կողքին՝ բիզնես հիմնելու առաջին քայլից: Մենք պատրաստակամ ենք անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովել, աջակցել կազմակերպությանը՝ գրանցումից՝ մինչև կայանալն ու շահույթ ստանալը»:
Նախարար Հ. Հակոբյանը հաջողակ բիզնես ունենալու հարցում կարևորել է վստահելի գործընկերոջ ընտրության, պետության կողմից հստակ ու հավաստի խորհրդատվություն ստանալու գործոնը:
Հանդիպմանը ներկա է եղել Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը, ով տեղեկացրեց, որ գործարանում ներկայումս աշխատում է հինգ սիրիահայ: Է. Գրիգորյանը սիրիահայ գործարարներին երկու առաջարկ արեց. ընդունվել աշխատանքի՝ որպես ոսկերիչ, կամ էլ առաջիկա 6 ամիսների ընթացքում անվճար աշխատանքային տարածք վերցնել: Այս պարագայում նրանք հնարավորություն կունենան օգտվել նաև գործարանի աշխատանքային գործիքներից, տարատեսակ արտադրամասերից: Գործարանի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց նաև աջակցել օրենսդրական և շուկայագիտական ոլորտների խորհրդատվությամբ: Համագործակցության պարագայում՝ գործարանի կողմից կտրամադրվեն նաև արտաքին շուկաների հնարավորություններն ու կապերը:
Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են արտահանման հնարավորություններով, հարցեր բարձրացվեցին մաքսային ու հարկային օրենսդրության որոշ դրույթների վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանի՝ տվյալ ոլորտը կարգավորվող օրենսդրությունը լավագույններից է աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս ոսկերչության բնագավառում շահավետ գործունեություն ծավալել:
Այսպիսով շատ մասնագետները տեղում նախանշել են իրենց առաջիկա անելիքները՝ ընդունելով առաջարկվող տարբերակներից որևէ մեկը:
Այնուհետև սիրիահայ ոսկերիչները շրջել են գործարանում՝ տեղում ծանոթանալով իրենց ապագա գործընկեր կազմակերպության գործունեությանը, պարզաբանելով մի շարք հուզող հարցեր:








































