Բելառուսը պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովի հետ հանդիպման ժամանակ՝ հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Մենք շատ ենք վստահում ձեզ, ձեր երկրին, ղեկավարությանը և պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել բոլոր ուղղություններով, փակ թեմաներ բացարձակապես չկան»,- նշել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Բելառուսը և Ադրբեջանը միշտ հաջողությամբ լուծել են ծագած բոլոր խնդրահարույց հարցերը: «Մենք այսօր հանդիպել ենք, որպեսզի եթե ինչ-որ հարցեր կան, կարողանանք դրանք օպերատիվ կերպով լուծել, քննարկել: Առավել ևս, որ մենք Ադրբեջանի հետ, չնայած բոլոր դժվարություններին, ինչը հազվադեպ երկրների դեպքում է, անցած տարի նույնիսկ ապրանքաշրջանառությունն ենք ավելացրել: Մեզ շատ ձեռնտու է Ադրբեջանի հետ առևտուրը»,- ասել է Բելառուսի նախագահը:
«Եվ եթե մենք որոշ պետությունների դեպքում դեռ մտածում ենք՝ մեր արտադրանքով գնա՞լ այնտեղ, թե՞ ոչ, ապա Ադրբեջանի դեպքում դա չկա. մենք պատրաստ ենք այնտեղ ստեղծել մեր արտադրությունները, պատրաստ ենք ընդունել ձեր ներդրումներն այստեղ, երաշխիքներն այստեղ բացարձակ են»,- նշել է Լուկաշենկոն:









































