Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, Balyoz («Կռան») ռազմական հեղաշրջման գործի շրջանակներում ձերբակալվել է Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում Թուրքիայի ռազմական կցորդ, գնդապետ Մուրաթ Աթաչը:
Այդպիսի վճիռ է կայացրել Ստամբուլի 10-րդ ծանր հանցավորությունների դատարանը: Աթաչը բերման է ենթարկվել Ավստրալիայում և ուղարկվել Թուրքիայի Հասդալի ռազմական բանտ:
Հիշեցնենք, որ փետրվարին Ստամբուլի 10-րդ` ծանր հանցագործությունների դատարանը վճռեց ձերբակալել Balyoz-ի գործով 196 կասկածյալներից 163 գործող և պաշտոնաթող զինվորականի: Ընդ որում` նրանցից 133-ը ձերբակալվեցին հենց դատարանի դահլիճում, իսկ այդ դատական նիստին չմասնակցած 30 զինվորականները ձերբակալվեցին ավելի ուշ: Այժմ նրանց միացավ նաև գնդապետ Մուրաթ Աթաչը:
Պետք է նշել, որ 163 թուրք զինվորականների ձերբակալության ժամանակ Հյուսիսային Աֆրիկայում արդեն մեկնարկել էին ժողովրդական հուզումները: Էրդողանը վախենում էր, որ թուրք զինվորականները կարող էին ստեղծված իրավիճակն օգտագործել` Թուրքիայում նոր ռազմական հեղաշրջում իրականացնելու համար:










































