Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության պաշտպանության և ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան «Գոլոս Աբխազիի»-ն տված հարցազրույցում ասել է, որ ջանքերը, որ ներդրել են նախկին իշխանությունները «գողական աշխարհի» նկատմամբ հաղթանակի համար, պարզվում է՝ բավարար չեն եղել:
«Մենք չկարողացանք թաղել «գողական աշխարհը», դա շատ լավ տեսանելի է հիմա, և վաղը, ցավոք, ավելի ակնհայտ կլինի: Իհարկե, դրանում նաև իմ բաժինը կա այն շատ իրավապահների հետ, որոնք առանց մտածելու բախվեցին ժամանակի ամենաուժեղ հանցավոր խմբավորումներին:
Սակայն հիմա պարզ է, որ այսօրվա տեսանկյունից այդ պայքարի արդյունքն ընդամենը ողբալի է, քանի որ չի պահպանվել այն, ինչ արվել է ժամանակին՝ «գողական աշխարհի» մեկուսացում հասարակական կյանքից: Նրանք նորից քիչ-քիչ, բայց ավելի հնարամիտ ճանապարհներով ուժեղացնում են իրենց ազդեցությունները, ներկա փուլում առնվազն լիովին վերահսկում են բանտերը, և չգիտես ինչու՝ չեմ կարծում, որ միայն դրանով կգոհանան:
Երևում է՝ երկրի ներսում «գողական աշխարհի» իրավական հետապնդումը բավարար չեղավ, ապագայում նրանց իրավական հետապնդումը պետք է շարունակվի նաև երկրի սահմաններից դուրս՝ այն վերջնականապես թաղելու համար, և ոչ մի իշխանություն չկարողանա նրանց հետ քաղաքական-հանցավոր դաշինքի մեջ մտնել, ինչպես դա տեղի է ունենում այսօր»,- ասել է Բաչո Ախալայան:










































