Աշխարհում մահացությունների 50 տոկոսը սրտանոթային հիվանդությունների պատճառով է արձանագրվում, հետևաբար ժամանակն է, որ սրտանոթային հիվանդությունների վրա մեծ ուշադրություն սևեռվի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱԱԻ-ի սրտաբանության ԳՀԻ գիտության գծով փոխտնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:
Նա նաև հաստատեց, որ գարնանը սրտանոթային հիվանդություններն ավելանում են, քանի որ, ինչպես բնությունն է զարթոնք ապրում, այնպես էլ՝ օրգանիզմը, ինչը, բնականաբար, ազդում է ախտորոշված հիվանդությունների վրա: Պարունակ Զելվեյանի խոսքերով, սրտանոթային հիվանդությունները ահագնանոմ են նաև աշնանը: Խոսելով կանխարգելիչ միջոցառումների մասին՝ գլխավոր սրտաբանը նշեց, որ օրգանիզմը շատ խելացի է, եթե մարդու գլուխը ցավում է, ապա օրգանիզմը դրա միջոցով ազդակ է հնչեցնում, որ հիվանդը պարզի՝ դա ինչո՞վ է պայմանավորված: Հետևաբար, պետք է պարտադիր դիմեն բժիշկի և չսպասեն՝ մինչև դանակը հասնի ոսկորին:
Ի դեպ, բավարարելով լրագրողների հետաքրքությունը՝ նա տեղեկացրեց, որ սրտի վիրահատության արժեքը տատանվում է 7-20 հազար դոլարի սահմաններում: Իսկ հարցին՝ եթե հիվանդը ֆինանսապես անապահով է, կարո՞ղ է դիմել սրտի վիրահատության և փրկվել, պատասխանեց. «Հավանաբար՝ ոչ»:









































