Ընդդիմադիր տարբեր գործիչների շուրթերից այսօր կարելի է լսել արտահայտություններ այն մասին, որ վարչակարգը ներկայումս, ինչպես երբևէ, թույլ է և չի կարող նախկինի պես բռնությամբ դիմագրավել համաժողովրդական հզոր ալիքի ճնշմանը: Այստեղ, թերևս, կա հստակեցումների անհրաժեշտություն: Նախ` պետք է, թերևս, մեկընդմիշտ ընդունել ի գիտություն, որ համաժողովրդական հզոր ալիքի ճնշմանը չի դիմանա որևէ վարչախումբ` թույլ, թե ուժեղ: Հետևաբար, ներկայումս վարչակարգի թույլ կամ ուժեղ լինելը ամենևին էլ առաջնային հարց չէ: Այն կարևոր է, սակայն երբեք չպետք է դառնա չափման միավոր:
Հասարակությունը երբեք չպետք է առաջնորդվի վարչախմբի ուժեղ կամ թույլ լինելու պարագայով` այ հիմա ուժեղ են, մի քիչ հանդարտ լինենք, իսկ հիմա թույլ են, կարելի է ավելի ակտիվ ճնշում բանեցնել: Առաջնային հարցն այն է, թե կա՞ արդյոք Հայաստանում համաժողովրդական այն ալիքը, որի ճնշմանը չի դիմանա ո՛չ տասնամյա, ո՛չ քսանամյա, ո՛չ էլ երեսնամյա կամ քառասնամյա ամբողջատիրությունը կամ բռնապետությունը, ինչն, օրինակ, մենք տեսնում ենք արաբական աշխարհում: Այդ իմաստով պետք է փաստել, որ այդ հզորությանը շարժումը դեռ չի հասել: Շարժումը հասել է բավականաչափ ձեռքբերումների, արդյունավետ ինստիտուցիոնալացման, բյուրեղացել է անկոտրում կորիզը, հաջողվել է դառնալ ներքաղաքական լուրջ գործոն, որի հետ հաշվի են նստում նաև Հայաստանի արտաքին գործընկեր պետությունները:
Բայց այն հզոր ծավալը, որի տակ արդեն վարչախումբը անկարող կլինի դիմադրել կամ անիմաստ կհամարի դիմադրելը` դեռևս չկա: Թե ինչո՞ւ չկա` դա արդեն բոլորովին այլ հարց է, որը երևի թե կարիք ունի լուրջ դիտարկման: Պատճառն, անշուշտ, մեկը չէ: Դժվար է ասել, թե ասենք` ընդդիմության մեջ ահա սա այնպես չէ, դրա համար էլ չկա պահանջվող հզորությունը: Պատճառներն ընկած են թե՛ շարժումը առաջնորդող Հայ ազգային կոնգրեսի, թե՛ իրենց ընդդիմադիր դաշտում տեսնող այլ ուժերի, թե՛ իրենց ընդդիմություն համարող ուժերի վարքագծում, թե՛ նաև Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ այն համակարգի հիմքում, որը շատ խորն է ճյուղավորված և ցանցային ազդեցություն է թողնում հասարակության վրա: Այստեղ, թերևս, շատ կարևոր է հասկանալ իրավիճակի առանձնահատկությունը:
Բանն այն է, որ հայաստանյան իշխանական էլիտա կոչվածը ոչ թե ինչ-որ բանով, ասենք` ինչ-որ ամբարտակով փակել է հասարակության ճանապահը դեպի նյութական, հոգևոր, մտավոր, իրավական և այլ կարգի ազատություններ, այլ հասարակության վրա ցանց է գցել` նյութական, բարոյական, իրավական, մշակութային սահմանափակումներից հյուսված մի ցանց, որը, սակայն, արգելապատնեշի նման լիովին փակ չէ: Ցանցը հնարավորություն է տալիս շատերին ճկունություն, հարմարվողականություն ցուցաբերել և ասենք` գլուխը անցքից դուրս հանել, կամ դուրս հանել ձեռքը, ոտքը կամ մարմնի մի այլ մաս:
Այլ կերպ ասած` մի կողմից զրկելով հանրությանն ազատությունից, իշխող վարչակարգը մյուս կողմից այդ հանրությանը տվել է ցանցի տակ խլրտալու հնարավորություններ: Իսկ դա հոգեբանական լուրջ ներգործություն է թողնում հասարակության վրա: Հայաստանի ներքին գործընթացները շատ ավելի արագ կգեներացվեին և շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե վարչակարգը հասարակությանը էլաստիկ ցանցով զսպելու փոխարեն, զսպեր կոշտ և ոչ էլաստիկ ամբարտակով: Այդ իրողությունը անհնար է հաշվի չառնել, ու թերևս հենց դա է այն գլխավոր պատճառը, որ հասարակության մի զգալի մասը գերադասում է օգտագործել կամ փորձում է օգտագործել էլաստիկության մի վերջին հնարավորություն էլ` ակամա հարմարվելով իրավիճակին:
Այստեղ կարելի է մեղադրել հասարակությանը հարմարվողականության համար, բայց դա կլինի ամենահեշտը և ամենաանարդյունքը, ինչը հնարավոր է անել: Դժվարը, բայց թերևս անհրաժեշտը այն է, որպեսզի իշխանության էլաստիկ ցանցի փոխարեն, հանրության այդ մասին առաջադրվի ցանցային գործուն այլընտրանք: Հայաստանում, թերևս, դրան պետք է միտվեն բոլոր քաղաքացիական ուղեղները, նրանց մտավոր և հոգևոր էներգիան: Դա իսկապես բարդ խնդիր է, բայց կարծես թե առանց այդ խնդրի լուծման` շատ դժվար է լինելու լուծել հզոր ալիքի խնդիրը, ինչքան էլ որ վարչակարգը թույլ լինի: Նրա գցած էլաստիկ ցանցը իշխանությանը թույլ է տալիս նաև սեփական ներուժի էլաստիկություն ապահովել` որոշակի թուլացումները զերծ պահելով ճակատագրականությունից:









































