ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով երեկ Հայաստան է ժամանել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկը: Մինչ հրավերը, Հովսեփյանը հեռախոսազրույց է ունեցել Բաստրիկի հետ. «Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ.Պերմյակովը։
Հաշվի առնելով քրգործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ. Բաստրիկին հրավիրել է Հայաստան»,- նշվում է ՔԿ հաղորդագրությունում: ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ ՔԿ նախագահ Բաստրիկը երեկ հանդիպել են, սակայն դեռ պարզ չէ, թե մասնավորապես ի՞նչ են քննարկել: Մեր տեղեկություններով հանդիպումներն ու քննարկումները այսօր շարունակվելու են:
Նախատեսվում է, որ քննչական կոմիտեների ղեկավարները այսօր նաեւ Գյումրի կայցելեն:
Նշենք, որ Հայաստանի քննչական մարմինները Վալերի Պերմյակովի մասնակցությամբ դեռ որևէ քննչական գործողություն չեն կատարել, նրան դեռ չեն հարցաքննել: Սրա համար հայ քննիչները սպասում են ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի թույլտվությանը: