Քադաֆիի ուկրաինացի բուժքույրերից մեկը` Օկսանա Բալինսկայան, պատմել է Մուամար Քադաֆիի մոտ իր աշխատած ժամանակի մասին: Նա նշել է, որ Քադաֆին լավ բոս է և մարդ, որը ունի նախանձելի առողջություն: Ըստ Բալինսկայայի` «Պապայի» մոտ աշխատողներին կարելի է ճանաչել Քադաֆիի նկարով ոսկե ժամացույցներով, որոնք Լիբիայի առաջնորդը նվիրում է իր աշխատակիցներին:
Բուժքրոջ խոսքերով` Քադաֆին ճամփորդում է երեք ինքնաթիռով. մեկում ինքն է, մյուս երկուսում նրա իրերն են ու մեքենաները: «Ինքը` Պապան, ճամփորդում է զրահապատ ամերիկյան լիմուզինով, իսկ անապատային գործուղումների ժամանակ օգտագործում է ամենագնաց մեքենաներ»,- ասել է բուժքույրը:
Օկսանան ասում է, որ վերաբերմունքը բուժանձնակազմի նկատմամբ եղել է շատ բարյացակամ: «Մեզ` անձնակազմին, օրինակ՝ Նյու Յորք ժամանելուն պես Պապան հանձնարարել էր գումար հատկացնել` տեղի բուտիկներում գնումներ կատարելու համար»:
Բալինսկայան նաև պատմել է Քադաֆիի նստավայրի մասին` ասելով, թե ապշել է, երբ առաջին անգամ տեսել է Տրիպոլիի նրա նստավայրը. «Հսկայական տարածք` պարսպապատված բարձր պատերով: Ողջ երկայնքով` փշալարեր և դիտակետեր: Ամենուր՝ զինված մարդիկ: Մեր հոսպիտալը, որը սպասարկում է Քադաֆիի ընտանիքին, գտնվում է այդ նստավայրից ոչ հեռու: Այստեղ է գտնվում նաև նրա հսկայական վրանը, որտեղ Քադաֆին աշխատում է և հյուրեր ընդունում: Այն, որ Քադաֆին այդտեղ ապրում է, սուտ է: Վրանը նրա աշխատասենյակն է: Մնացած ժամանակը նա անցկացնում է նստավայրում: Պապան ունի 9 զավակ և թոռներ, սակայն այս մեծ ընտանիքն ապրում է նրա նստավայրից դուրս, սովորական բնակարաններում»,- ասել է Բալինսկայան:
Հիշեցնենք, որ Քադաֆիի բժշկական անձնակազմը հիմնականում բաղկացած է օտարերկրացիներից, և ուկրաինուհիները նրանց մեջ փոքր թիվ չեն կազմում: Հիմա նրանք գտնվում են Ուկրաինայում, սակայն պատրաստ են հնարավորության դեպքում վերադառնալ Քադաֆիի մոտ։ Պապան իրենց լավ է վճարում՝ շեշտում են բուժքույրերը:









































