Սերբիայում Իրանի դեսպանատունը հերքել է ահաբեկիչ Մահմեթ Ալի Ագջայի հայտարարությունն այն մասին, թե իրանցի առաջնորդ այաթոլլա Խոմեյնին է 1981 թվականին իրեն պատվիրել սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ին: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Դեսպանատանը հայտարարել են, որ Իմամ Խոմեյնին իր հարուստ հոգևոր կյանքի ընթացքում լավ հարաբերություններ է պահպանել տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ Հռոմի պապի:
Այս շաբաթ ավելի վաղ սերբական հեռուստատեսությամբ Ագջան կրկնել էր իր խոսքերը, որոնք շարադրված են «Ինձ դրախտ էին խոստացել» գրքում, թե՝ Պապի դեմ մահափորձի հետևում կանգնած է եղել իրանցի այաթոլլան:
Անհաջող մահափորձը Պապի դեմ կատարվել էր 1981 թվականի մայիսի 13-ին: Պապը որովայնի և ձեռքի վնասվածք էր ստացել ավտոշարասյունով Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակով անցնելիս:
Ագջային տեղում բռնել էին: Նա 19 տարի անցկացրել է իտալական բանտում, որից հետո 2000 թվականին արտաքսվել հայրենիք, որտեղ ազատազրկված է մնացել մինչև 2006 թվականը:










































