Freedom House ամերիկյան կազմակերպությունը ներկայացրել է 2013-ի իր զեկույցը՝ աշխարհում ժողովրդավարության, քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վերաբերյալ: Ըստ ազատության ցուցանիշի՝ Հայաստանը զեկույցում որակված է «մասամբ ազատ» երկիր:
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում անդրադառնալով զեկույցին` իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասել է, որ թեև կա առաջընթաց, չարժե դրա վրա կենտրոնանալ, որովհետև Հայաստանը շարունակում է մնալ այն դաշտում, որտեղ կար` «կիսաազատ» երկրների շարքում: «ՀՀ տեղաշարժը ազատությունների բնագավառում պետք է համեմատել ոչ թե ազատ, այլ անազատ երկրների հետ: Մենք վերադարձել ենք այն դիրքերին, որում կայինք 2008 թ.՝ ըստ Freedom House-ի: Այսինքն, մենք դոփել ենք տեղում այս 4-5 տարիներին, հետընթաց ենք ապրել, ապա վերադարձել ելման կետ»:
Միջազգային կազմակերպությունը, ըստ իրավապաշտպանի, հաշվարկում է այլ կերպ. եղել է ընտրություն, չի եղել ծեծուջարդ, ուրեմն կա բարեփոխում: «Ըստ էության, մարդիկ շարունակում են ապրել (ազատությունների իմաստով) այնպես, ինչpես ապրել են և գուցե` ավելի վատ: Այլապես չէին լքի երկիրը: Աղքատ մարդը չէ միայն, որ լքում է երկիրը: Զեկույցը սխալ չէ, նրանց չափանիշներն ու իրականությունն է այլ»,- ասել է իրավապաշտպանը:
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին, Վարդան Հարությունյանն ասել է, որ խախտվում է մարդու ընտրելու իրավունքը, չկա ընտրություն: Իրավիճակը համեմատել է խորհրդային տարիների հետ, երբ մարդիկ ընտրում էին Բրեժնևին, և չկար ճնշում: Ընդդիմությունը, նրա խոսքերով, թույլ չէ. ըստ էության` Հայաստանի բնակչության մեծ մասն ընդդիմադիր է. «Ընդդիմության դեմ վերջին տարիներին աշխատեց ողջ պետական ապարատը` իր երևացող և չերևացող կողմերով, և ջլատեց: Ընդդիմությունը ջլատված է, և արդյունքում տուժելու է ժողովուրդը, ոչ թե՝ ընդդիմությունը: Իշխանությունը վերարտադրվելու է, և մենք մտածելու ենք գնալու մասին, որ մեր երեխաները դրսում տեղավորվեն»:
Իրավապաշտպանը կանխատեսում է, որ նախընտրական գործընթացը կլինի ձանձրալի, ընտրական գործընթացը` առանց խախտումների, և իշխանությունն այն թիվը կգրանցի, որն այժմ կա մտքում` 65 տոկոսի շրջանակներում: Հետաքրքիրը հետընտրական գործընթացները կլինեն. ընդդիմությունն էլ կակտիվանա:








































