Դերասան Ջորջ Քլունին դատապարտել է ԶԼՄ-ների գործողությունները, որոնք տարածել են ցանցահենների կողմից գողացված և շատ աստղերի առնչվող Sony-ի ներկայացուցիչների նամակագրությունը:
«Մամուլի շատ ներկայացուցիչներ պարզապես մոռացել են իրենց իսկական պարտքի մասին»,-հայտարարել է Քլունին Deadline ամսագրին տված հարցազրույցում:
Քլունին նաև անդրադարձել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանության մասին ֆիլմի պրեմիերան չեղյալ հայտարարելու փաստին: «Ինչ ուզում եք՝ արեք, սակայն թողարկեք այդ ֆիլմը: Ոչ թե այն պատճառով, որ բոլորին այնքան անհրաժեշտ է այն դիտել, այլ այն պատճառով, որ օրինակ՝ ես չեմ պատրաստվում այն չդիտել ինչ-որ մեկի հրամանով: Դա է ամենակարևորը: Չի կարելի թույլ տալ, որ մեզ հրահանգեն՝ ինչը կարելի է դիտել, ինչը՝ ոչ. ո՛չ Կիմ Չեն Ինին, ո՛չ որևէ այլ մեկի: Մենք թույլ ենք տվել, որ Հյուսիսային Կորեան թելադրի մեզ: Դա հիմարություն է»,- վստահ է Քլունին:







































