Հարավային Կորեայի հարավ-արևելքում գտնվող «Ուլչին» ատոմակայանի առաջին էներգաբլոկում տեղի է ունեցել ռեակտորի ավտոմատ անջատում: Պատճառը էներգահամակարգի աշխատանքում տեղ գտած անսարքություններն են: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Ռենհապ» գործակալությանը:
Korea Hydro and Nuclear Power օպերատոր-ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ տեղի ժամանակով 11.15-ին (Երևանի ժամանակով 06.15-ին): Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ռեակտորի ավտոմատ անջատման հետևանքով ռադիոակտիվ արտահոսք չի եղել: Էներգահամակարգի աշխատանքի թերությունների պատճառները պարզվում են:
1988 թվականին գործարկված «Ուլչին» ատոմակայանում գործում է 6 ռեակտոր, որոնցից վերջինը գործարկվել է 2005 թվականին: ԱԷԿ-ում մտադիր են ևս երկու էներգաբլոկ կառուցել, որոնք կսկսեն աշխատել 2017 և 2018 թվականներին:
Ներկայում Հարավային Կորեայում աշխատում է 23 ռեակտոր: Էներգիայի օրգանական աղբյուրներից երկրի կախվածությունը նվազեցնելու նպատակով մինչ 2020 թվականը նախատեսվում է ևս 10 ռեակտոր կառուցել, իսկ 2030 թ. երկրում գործող ռեակտորների թիվը հասցնել 39-ի:









































