«Եվրաստատը» հրապարակել է իր խոշոր վիճակագրական հետազոտության տվյալները, ըստ որի՝ Եվրոպայում 16-74 տարեկան յուրաքանչյուր 5-րդ բնակիչ երբեք համացանցից չի օգտվել:
Այն հարցին, թե «Ե՞րբ եք վերջին անգամ օգտվել համացանցից», «Երբեք» պատասխանն ընտրել է հարցման մասնակիցների 18 տոկոսը: 2006թ. նույնանման հետազոտության ժամանակ այդպիսի մարդկանց թիվը կազմում էր 43 տոկոս: Վերջին 8 տարում համաշխարհային ցանցից ամեն օր օգտվող եվրոպացիների թիվը մեծացել է ավելի քան 2 անգամ (31 տոկոսից հասնելով 65-ի): Այնուամենայնիվ, հարցվածների ավելի քան մեկ երրորդը նախկինի պես ամեն օր մուտք չի գործում համացանց:
Եվրոպայում համացանցից առավել շատ օգտվող բնակչություն ունեցող երկիրը Իսլանդիան է. այստեղ համացանցից չի օգտվում 100 հարցվածներից միայն 1-ը: Ընդ որում, մարդկանց 94 տոկոսը համացանց մուտք է գործում ամեն օր: Համացանցից օգտվելու բարձր ցուցանիշ է գրանցվել նաև Նորվեգիայում, Դանիայում, Լյուքսեմբուրգում և Մեծ Բրիտանիայում:
Մինչդեռ համացանցից «անջատված» երկրների առաջատարը Ռումինիան է: Այստեղ համացանցից ընդհանրապես չի օգտվել հարցվածների 39 տոկոսը:









































