Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ երկրի նախագահին տեղյակ է պահել Գերմանիայի` Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համագործակցության (ԱՖՊՏՀ) զորամիավորումների` Բամակո մեկնելու համար 2 «Տրանսալ» տեսակի ինքնաթիռների տրամադրման մտադրության մասին:
Մերկելը նշել է, որ նման որոշման համար չի պահանջում Բունդեսթագի համաձայնությունը, որն, ըստ սահմանադրության, որոշում կայացնում է գերմանական զորքերի` թեժ գծեր մեկնելու ժամանակ: Նա նշել է, որ Բամակոյի օդանավակայանը դեռևս քաղաքացիական ավիաուղևորափոխադրումներ իրականացնում է, ինչն էլ նշանակում է, որ իրավիճակն այնքան էլ սրված չէ: Եվ եթե իրավիճակը փոխվի, այդ դեպքում կդիմեն Բունդեսթագին` որոշում կայացնելու խնդրանքով: Կանցլերը հավելել է, որ ԵՄ կազմում Մալիի զինվորների պատրաստմանը գերմանացի զինվորականների մասնակցության հարցում Բունդեսթագի որոշումը պարտադիր է:
Մերկելը Մալիում տիրող իրավիճակը կքննարկի Ֆրանսիայի նախագահի հետ: Նա նշել է, որ Մալիի ահաբեկչությունը ոչ միայն Աֆրիկային, այլև Եվրոպային սպառնացող վտանգ է:
Մալիում իրավիճակը վերջին շաբաթներում սրվել է: Կառավարական ուժերին օգնության են մեկնել ֆրանսիական ուժերը: Ֆրանսիան սկսել է օդային հարձակումները: Ավելի վաղ նշվել էր, որ Ֆրանսիան մտադիր է իր զինծառայողների թիվը մեծացնել` հասցնելով 2,5 հազարի:








































