Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել ռուսական Sportbox կայքին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Արձակուրդս, ինչպես և ծրագրել էի, անցկացրել եմ ընտանիքիս անդամների հետ, սակայն աշխատում էի նաև մարզավիճակս պահպանելու ուղղությամբ. ինքնուրույն մարզվում էի:
Անցած մրցաշրջանի արդյունքներով չորրորդ տեղը գրավեցինք, սակայն կարող էինք ավելի հաջող հանդես գալ: Ընթացիկ մրցաշրջանը շատ անհաջող սկսեցինք, բազմաթիվ պարտություններ կրեցինք, զբաղեցնում էինք վերջին տեղը: Սակայն թիմում պրոֆեսիոնալներ են հավաքված և պարզ էր, որ վաղ թե ուշ անհաջողություններն ավարտին են մոտենալու:
Երբ Պետրեսկուն գլխավորեց «Դիանամո»-ն, թիմը շատ ծանր վիճակում էր: Նա անընդհատ խոսակցություններ էր ունենում խաղացողների հետ: Գրեթե բոլոր մարզումները մեկնարկում էին զրույցով, ինչը տվեց ցանկալի արդյունքը: Հաջող խաղերից հետո նա հերթական զրույցն է վարում թիմի հետ, որպեսզի խաղացողներն էյֆորիայի մեջ չընկնեն:
Ես շարունակում եմ մարզվել և սպասել իմ հնարավորությանը: Թիմը վերադրձել է արձակուրդից և արդեն 2 մարզում անցկացրել: Հիմա ամեն ինչ նոր էջից է սկսվում: Մրցաշրջանի այս փուլում յուրաքանչյուր ֆուտբոլիստ փորձում է ջանադրաբար մարզվել և տեղ ունենալ մեկնարկային կազմում:





































