Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ցեղասպանության թեմայով համաժողովի ընթացքում հայտարարել է, որ կգա ժամանակ, և թուրքերն իրենք ծաղիկ կդնեն Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այդ ժամանակն արդեն եկել է, և հազարավոր թուրքեր ապրիլի 24-ին հենց Ստամբուլում հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սակայն պարզ է, որ երբ խոսվում է, որ «թուրքերն իրենք կդնեն», նկատի է առնվում Թուրքիան պաշտոնապես: Եվ Արա Աբրահամյանն էլ, անկասկած, նկատի ունի հենց սա:
Ցեղասպանության թեման վաղուց է դարձել ազգային այն հարթակներից մեկը, որտեղ հնչում են ուռա-հայրենասիրական կամ էմոցիոնալ այլ ծագում ունեցող, հորդացող մտքեր, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ավելին, այդ մտքերով հաճախ նաև թաքցվում է իրականությունը: Եվ այս տեսանկյունից շատ հատկանշական է, որ հերթական միտքը արտահայտում է Ռուսաստանի հայերի միության նախագահը՝ մարդ, որն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանը Ռուսաստանի վասալը դարձնելուն, ֆորպոստի կարգավիճակը խորացնելուն:
Եվ այդ երկու ուղղությունները միմյանց հետ բացարձակապես համատեղելի չեն՝ «կգա ժամանակ…»: Այդ ժամանակը գալու համար, բերելու համար Հայաստանը պետք է լինի ինքնիշխան պետություն, որն իր տեղն ու դերն ունի քաղաքակիրթ աշխարհում, նոր աշխարհակարգում, որի ձևավորման լայն թափով ու մեծ վտանգներով գործընթաց է տեղի ունենում այսօր: Այդ գործընթացում միակը, որ անում է Հայաստանը՝ որպես պետություն, ամենայն պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելն է, քաղաքական, աշխարհաքաղաքական պատասխանատվությունից ընդհանրապես հրաժարվելը՝ իշխանությամբ և, այսպես ասած, ընդդիմությամբ: Եվ այս գործընթացի ակտիվ աջակիցներից ու նաև հովանավորներից մեկն էլ Արա Աբրահամյանն է:
Հայաստանը որպես աշխարհաքաղաքական պատասխանատվությամբ սուբյեկտ աշխարհի քարտեզից վերացնելու այդ գործընթացը ոչ թե մոտեցնում է այն ժամանակը, երբ Թուրքիան պաշտոնապես կճանաչի եթե ոչ Ցեղասպանությունը, ապա այդ հարցում Հայաստանի հետ գոնե հավասարի դիրքերից հարաբերություն սկսելն ու դիվանագիտական գործընթացի գալու անհրաժեշտությունը, այլ հեռացնում ավելի՝ հատկապես ռուս-թուրքական ռազմավարական գործընկերության լայն թափով զարգացման դեպքում, որը տեղի է ունենում քաղաքակիրթ աշխարհում Ռուսաստանի և Թուրքիայի մեկուսացման, իզգոյացման ֆոնին:
Եթե ոչ հանրային ուշադրություն շեղելու, նենգափոխելու, ապա առնվազն ոչադեկվատության և մոլորության վկայություն են ներկայումս «կգա ժամանակ, որ Թուրքիան…» տարբերակով արտահայտությունները, երբ դրանք հնչում են Հայաստանի անկախության կորստի, ինքնիշխանության կորստի չափազանց մեծ և իրական վտանգների պայմաններում: Սա նշանակում է, որ ինչպես պետական ու ազգային կարևորագույն մի շարք հարցերում, որոնք ուղղակիորեն շաղկապված են Հայաստանի անվտանգության հետ, այնպես էլ հայկական հարցի հետապնդման, Ցեղասպանության ճանաչման գործընթացում շահագրգռված և հետևողական ուժերի համար ներկայումս հրամայական է Հայաստանի եվրասիական վասալացման գործընթացի հնարավորինս արագ արգելակումն ու շրջումը, որովհետև քանի դեռ կա այդ գործընթացը, չի կարող որևէ շրջադարձ լինել հայկական հարցում, քանի որ Թուրքիան իր ռազմավարական ընկեր ու բարեկամ Ռուսաստանի միջոցով մշտապես կզսպի հայկական գործոնը, կամ այդ գործոնը լավագույն դեպքում գործիք կլինի Ռուսաստանի ձեռքին Թուրքիայի հետ հարաբերություններում:
Սա Հայաստանի ինքնիշխանության կորստի ևս մի ցցուն դրվագ է, որը վերաբերում է անվտանգության ու զարգացման հարցում կարևորագույն խնդրի՝ հայ-թուրքական հարաբերությանը, որի ներկայիս վիճակը ուղղակիորեն անշրջելի կլինի այնքան, որքան անշրջելի կլինի Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:
Լուսանկարը` PAN Photo-ի










































