Բելառուսում համաներման արդյունքում ազատ է արձակվել ավելի քան 4000 մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները:
Համաներման մասին օրենքը Բելառուսում ընդունվել է 2012 թ. հուլիսին՝ հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ: Այս օրենքի իրականացումն ավարտվել է 2013 թ. հունվարի 11-ին:
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ համաներման մասին օրենքը տարածվել է 18737 բանտարկյալների վրա: Համաներումն իրականացնելու ընթացքում ազատազրկման փակ տեսակի ուղղիչ հաստատություններից ազատ է արձակվել 3059 մարդ, իսկ բաց տեսակի ուղղիչ հաստատություններից՝ 1167 մարդ: Շուրջ 7000 բանտարկյալների պատիժաժամկետը կրճատվել է մեկ տարով: Դրա հետ մեկտեղ շուրջ 7500 բանտարկյալների մերժվել է համաներում շնորհել:
Օրենքի համաձայն՝ համաներումը չի տարածվում ծանր հանցագործություններ կատարած անձանց վրա՝ սպանություն, ահաբեկչություն, բռնաբարություն, պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստում ու տարածում և այլն:









































