Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ պատրաստ է ամեն ինչ անել` թիմի հիմնական կազմում խաղալու համար:
Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստը բաց է թողել առաջին շրջանի մեծ մասը` ոտքի վնասվածքի և մեջքի ցավի պատճառով: Սակայն ներկայումս Ռոբենը համապատասխան մարզավիճակ է ձեռք բերել և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ:
«Կարծում եմ` նորմալ է, որ ես չեմ ցանկանում պահեստայինների նստարանին լինել: Ինձ համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել: Սակայն պետք է հանգստություն պահպանել և սպասել: Թիմի ուսումնամարզական հավաքի ժամանակ ես ասել եմ, որ հասկանում եմ, թե որքան լավ է հանդես եկել թիմը ընթացիկ մրցաշրջանի առաջին փուլում: Սակայն պետք է ուսումնասիրել նաև հարցի մյուս կողմը»,- նշել է Ռոբենը:








































