Սլովենիայի խորհրդարանի խոսնակ Գրեգոր Վիրանտը կաշառակերության հետ կապված սկանդալի ֆոնին վարչապետ Յանեզ Յանշային 10-օրյա ժամկետում պաշտոնից հեռանալու, իսկ կոալիցիայի հիմնական մաս կազմող Սլովենական դեմոկրատական կուսակցությանը խելամիտ ժամկետներում նոր թեկնածու առաջադրելու կոչ է արել: Այս մասին տեղեկացրել են սլովենական ԶԼՄ-ները:
Սլովենիայում քաղաքական վիճակը սրվել է պետական հանձնաժողովի կողմից այս շաբաթ հրապարակված զեկույցից հետո, որում կաշառակերության մեջ մեղադրվում են վարչապետ Յանշան և ընդդիմության առաջնորդ Զորան Յանկովիչը: Զեկույցում ասվում է, որ Յանշան չի հայտարարագրել 200 հազար դոլարը, իսկ Յանկովիչը չի բացատրել 2,4 միլիոն դոլարի առկայությունը: Երկու քաղաքական գործիչներն էլ հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները և հրաժարվում են հեռանալ պաշտոնից:
Սլովենիայում նոյեմբերից չեն դադարում զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են, որ ամբողջ քաղաքական էլիտան հեռանա իշխանությունից:









































