Կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ, նաև հայտնի երգիչներ ու երաժիշտներ դժգոհություն են հայտնել Ֆերգյուսոնում սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին սպանած ոստիկան Դարեն Ուիլսոնին արդարացնելու երդվյալ ատենակալների վճռի առնչությամբ: Սոցցանցերում նրանց մեկնաբանությունները ներկայացնում է Variety պարբերականը:
Դերասանուհի և մոդել Միա Ֆերոուն Twitter-ում խնդրագիր է հրապարակել, որում առաջարկվում է օրենք ընդունել, որն ԱՄՆ-ում փողոցում աշխատող յուրաքանչյուր ոստիկանի կպարտավորեցներ համազգեստին ամրացված տեսախցիկ կրել: Դրան փորձում է հասնել, մասնավորապես, սպանված Մայքլ Բրաունի ընտանիքը:
Երգչուհի Շերը կարծում է, որ անհրաժեշտ է կրկնակի դատավարություն անցկացնել: «Ինչ-որ բան պետք է արվի, չէ՞, անմեղ երիտասարդ սևամորթ տղամարդկանց պաշտպանելու համար»,- նշել է նա:
Ամերիկացի դերասանուհի և հեռուստապրոդյուսեր Լավերնա Քոքսն Instagram-ում գրել է. «Մինչ ես ներկա էի «Էմմիին», Ֆերգյուսոնում անարդարացի որոշում են ընդունել: Մենք հանգիստ քայլում ենք կարմիր գորգի վրայով, իսկ շատ սևամորթ մարդիկ չեն կարող նույնիսկ փողոցով քայլել առանց սպանվելու ռիսկի: Եվ ո՞ւմ ձեռքով: Նրանց, ովքեր պետք է մեզ պաշտպանեն»:
Դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Լինա Դանեմն աջակցություն է հայտնել դեռահասի ընտանիքին: «Իմ ողջ սերը հիմա ուղղված է Մայքլ Բրաունի ընտանիքին: Ես հիանում եմ նրանց ուժով և քաջությամբ, ողբում եմ նրանց կորստի համար և աղոթում եմ, որպեսզի նրանք արդարություն և փոփոխություններ տեսնեն»,- գրել է նա:










































