Facebook սոցցանցի բաժնետոմսերը հունվարի 9-ի առևտրային օրվա տվյալներով` աճել են ավելի քան 5 տոկոսով և օրը փակել 30.59 դոլար արժեքով (խոսքը մեկ բաժնետոմսի մասին է): Տարվա սկզբից ընկերության բաժնետոմսերը թանկացել են արդեն 18 տոկոսով:
Սոցցանցի բաժնետոմսերը 2012-ի ամռանից ի վեր 30 դոլարից բարձր արժեք չէին գրանցել: Անցած տարվա սեպտեմբերի համեմատ՝ բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 70 տոկոսով, այնուհանդերձ` դրանց արժեքը շարունակում է ցածր մնալ այն ցուցանիշի համեմատ (38 դոլար), երբ աշխարհում խոշորագույն սոցցանցը դուրս եկավ բորսային շուկա:
Ներդրողները գնում են բաժնետոմսերը հրավերքի պատճառով, որը սոցցանցն ուղարկել է լրագրողներին: Facebook-ը ԶԼՄ-ներին հունվարի 15-ին հրավիրել է միջոցառման: Հայտնի չէ, թե ինչ է պատրաստվում սոցցանցը ներկայացնել:
MarketWatch-ը նշում է, որ վերլուծաբանները Facebook-ից նոր արտադրանք են ակնկալում՝ սմարթֆոն, երաժշտական կամ որոնողական ծառայություն:
Facebook-ն այդ առնչությամբ մեկնաբանություն չի տվել:









































