Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ հետաքննություն է սկսվել՝ 2011թ. հետաքննական տեղեկատվության գաղտնիքը խախտելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այդ ժամանակ Սարկոզիի աշխատակազմը հայտարարել էր, որ երկրի ղեկավարի անունը չի շոշափվում Պակիստանի Կարաչի քաղաքում ահաբեկչության գործի նյութերում:
Ֆրանսիայի արդարադատությունն արդեն 10 տարի է՝ հետաքննում է 2002թ. Կարաչիում տեղի ունեցած ահաբեկչության հանգամանքները, որի զոհ էին դարձել 11 ֆրանսիացի ինժեներներ: Քննիչների կարծիքով` պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ այն հանգտամանքը, որ Ֆրանսիան դադարեցրել էր «օտկատներ» վճարել պակիստանյան կողմին, որի շուրջ իբր համաձայնության էին եկել, երբ Իսլամաբադը երեք ֆրանսիական սուզանավ էր պատվիրել: Ավելի ուշ պարզվել էր, որ այդ «կոմիսիոն վճարումների» մի մասը Ֆրանսիան օգտագործել է երկրի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի նախընտրական քարոզարշավի համար:
Հետաքննությունը կասկածներ ունի, որ Սարկոզին եղել է այս մեխանիզմի կազմակերպիչներից մեկը:
Երբ 2011թ. սեպտեմբերին ֆրանսիական ԶԼՄ-երը հաղորդեցին, որ Սարկոզին և նրա համախոհները կարող են ներքաշված լինել այդ հանցավոր համակարգում, Ելիսեյան պալատը հայտարեց, որ նախագահի անունը չի շոշափվում հետաքննական փաստաթղթերում: Գրեթե մեկ տարի անց ահաբեկչության զոհերի հարազատները հայց ներկայացրին Սարկոզիի դեմ`նրան մեղադրելով հետաքննության գաղտնիքները բացահայտելու համար: Դատախազությունը սկզբում դեմ էր հանդես գալիս հետաքննություն սկսելուն, քանի որ կոմյունիկեի տարածումը կապված էր Սարկոզիի նախագահական լիազորությունների հետ: Սակայն դատական քնիիչները որոշել են, որ նախագահի գործառույթների մեջ չի մտնում տարածել հետաքննության տեղեկատվությունը և այդ պատճառով Նիկոլա Սարկոզիին վերաբերվող գործողությունները պետք է ստուգվեն:
Հիշեցնենք, որ Նիկոլա Սարկոզիի դեմ ևս մեկ հետաքննություն է ընթանում՝ կապված L’Oreal-ի ժառանգորդ Լիլիան Բետանկուրից 2007թ. նախագահական քարոզարշավի համար անօրինական ֆինանսավորում ստանալու հետ:









































