Հունվարի 7-ին Ցյուրիխում տեղի ունեցավ «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը: 2012թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին՝ դառնալով առաջինը ֆուտբոլի պատմության մեջ, ով պատվաբեր մրցանակը ստացավ չորրորդ անգամ անընդմեջ (Մեսսին գերազանցեց Յոհան Կրոյֆի, Մարկո վան Բաստենի, Միշել Պլատինիի ցուցանիշները, որոնք պատվավոր մրցանակը ստացել են 3-ական անգամ): Արարողության ավարտից անմիջապես հետո մեծ աղմուկ բարձրացավ: Բազմաթիվ երկրպագուներ անաչառ չէին համարում լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը:
Միրոսլավ Ստոխի հեղինակած գոլը նույնպես ճանաչվեց լավագույնը: Սակայն եթե գոլի գեղեցկության որոշումը կարող է շատ սուբյեկտիվ լինել, ապա տարվա խորհրդանշական հավաքականը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Լավագույնների թվում Իկեր Կասիլյասին տեսնելը դժվար թե զարմացներ որևէ մեկին: Եվրոպայի գործող չեմպիոնն, իսկապես, հերթական հիանալի մրցաշրջանն անցկացրեց և «Ռեալ»-ի կազմում դարձավ Լա Լիգայի չեմպիոն: Պաշտպանության գիծը կազմեցին Սերխիո Ռամոսը, Խերարդ Պիկեն, Մարսելոն ու Դանիել Ալվեսը: 2012թ. Լոնդոնի «Չելսի»-ն դարձավ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր՝ իր անկրկնելի պաշտպանության հաշվին: «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը եվրոպական ակումբային կարևորագույն մրցաշարը լքեցին կիսաեզրափակիչ փուլից («Չելսի»-ն պայքարից դուրս թողեց «Բարսա»-ին), սակայն ուժեղագույն հավաքականի պաշտպանության գծում ունեն 2-ական ներկայացուցիչ: Եթե Ռամոսն ու Պիկեն ճանաչվել են եվրոպայի չեմպիոններ, ապա Մարսելոյի ընտրությունն առնվազն անհասկանալի է: Դժվար է պատկերացնել, որ խաղացողին տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկել են երկրի ներքին առաջնությունում հաղթանակի համար:
Այդ տրամաբանությամբ թիմում կարող էր հայտնվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանին կամ Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մեց Հյումելսը (չնայած, որ նրանք խաղում են պաշտպանության կենտրոնում): Իսկ Դանիել Ալվեսի (ում նկատմամբ Իսպանիայի չեմպիոն Մարսելոն «հսկայական» առավելություն ունի տիտղոսների նվաճման առումով)՝ լավագույն հավաքականում հայտնվելն առնվազն ծիծաղելի է, երբ բացակայում են ՉԼ գավաթակիրներ Ջոն Թերիի, եզրափակիչի մասնակից Ֆիլիպ Լամի (գերազանց ելույթ ունեցավ նաև «Եվրո-2012»-ում) և այլոց անունները:
Կիսապաշտպանության և հարձակման գծերում ամեն ինչ կարծես օրինաչափ էր: Խաբի Ալոնսոն, Անդրես Ինյեստան ու Չավին իրենց ակումբների առանցքային խաղացողներն են և Եվրոպայի գործող չեմպիոններ: Հարձակման գիծը կազմեցին Ռադամել Ֆալկաոն, Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին:
Բազմահազար երկրպագուների կողմից քննդատության արժանացավ նաև «Ոսկե գնդակ»-ը Մեսսիին հանձնելու որոշումը: Արգենտինացին օրացույցային տարվա կտրվածքով 91գոլ հեղինակեց և գերազանցեց Գերդ Մյուլլերի՝ անհասանելի թվացող «հավերժական ռեկորդ»-ը (1972թ. հեղինակել 85 գոլ): Մեսսին ֆենոմենալ տարի անցկացրեց՝ ցուցադրելով անկրկնելի ֆուտբոլ, ինչին բազմիցս անդրադարձել ենք: Սակայն ոչ՛ հավաքականի, ոչ՛ ակումբային մակարդակով Լեոն լուրջ բարձունքների չհասավ: Մեսսին ճանաչվեց Իսպանիայի գավաթակիր: Առաջնությունունն ու Սուպերգավաթը «Բարսա»-ն զիջել էր «Ռեալ»-ին, իսկ ՉԼ-ն՝ «Չելսի»-ին:
Մեսսին ժպտում էր. 25 տարեկան հասակում ստացել էր իր 4-րդ «Ոսկե գնդակ»-ը: Ժպտում էր նաև Անդրես Ինյեստան, ով 2013թ. մայիսի 11-ին կդառնա 29 տարեկան: Եվրոպայի գործող չեմպիոն և «Եվրո-2012»-ի լավագույն ֆուտբոլիստ Ինյեստան կարծես գիտակցում էր, որ լավագույնի կոչմանն արժանանալու ավելի լավ հնարավորություն, ամենայն հավանականությամբ, այլևս չի ստանա: 2014թ. Մունդիալի ժամանակ Անդրեսը կդառնա 31 տարեկան, սակայն նույնիսկ այդ մրցաշարում հաղթելու և գերազանց խաղ ցուցադրելու դեպքում իսպանացին չպետք է վստահ լինի, որ կստանա առաջին «Ոսկե գնդակ»-ն իր մարզական կարիերայում: Չավին կարող է վստահեցնել Ինյեստային, որ նույնիսկ այդ դեպքում նա կարող է «Ոսկե գնդակ»-ին նայել հեռվից և շնորհավորել արգենտինացուն: Այս պայմաններում ևս Անդրեսը ցույց տվեց իր մեծությունը. «Եթե մի թիմից այդքան խաղացողներ կան լավագույնների շարքերում, ապա դա նշանակում է, որ նրանք ամեն ինչ ճիշտ են անում: Եթե Լեոն շարունակի նույն ոգով, ապա 5-րդ անգամ անընդմեջ կնվաճի «Ոսկե գնդակ»-ը:
Շնորհավորում եմ Մեսսին, քանի որ նա յուրահատուկ նվաճման հասավ: Չեմ կարծում, որ ճիշտ կլինի մրցանակը տալ որևէ մեկին միայն այն պատճառով, որ մեկ ուրիշը այն շատ հաճախ է նվաճում: Այս մրցանակը տրվում է խաղադաշտում ցուցադրած խաղի համար: Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ», – ասել է իսպանացին:
Մեսսին «խոսքեր չէր գտնում». «Ճիշտն ասած՝ սա անհավատալի է: 4-րդ «Ոսկե գնդակ»-ի համար այլևս խոսքեր չեմ գտնում: Ես կուզեի առանձնացնել «Բարսելոնա»-ում իմ մյուս խաղընկերոջը: Մեծ պատիվ է, որ Ինյեստան խաղում է ու մարզվում ինձ հետ միասին: Նաև կուզեի նշել Արգենտինայի հավաքականի բոլոր խաղընկերներիս, բոլոր մարզիչներիս, ընտանիքիս, ընկերներիս: Իհարկե՝ կնոջս ու տղայիս: Շնորհակալ եմ բոլորից»:









































