Թուրքիան ծրագրում է վերականգնել «Հիջազի ճանապարհը»։ Այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան Turan Union-ը՝ հղելով թուրքական լրատվամիջոցներին։ Խոսքը Ստամբուլ-Մեքքա երկաթուղային ուղիղ հաղորդակցության մասին է, որ մասամբ իրականացվել է դեռևս օսմանյան շրջանում՝ սուլթան Աբդուլ Համիդի նախաձեռնությամբ։ Ավելի քան հարյուր տարի առաջ այդ երկաթուղու կառուցումը հիմնավորվել է «ուխտագնացության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ», բայց բուն նպատակը կայսրության արաբաբնակ տարածքներում կենտրոնական իշխանության ազդեցության ուժեղացումը և անկախական շարժումների զսպումն էր։
Այսօր նախկին օսմանյան տիրույթները բաժանված են մի քանի անկախ պետությունների միջև։ Ըստ տեղեկությունների, Թուրքիան «արդեն սկզբունքային պայմանավորվածության է հասել Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ»։ Մամուլի տեղեկություններով, նախագիծը ենթադրում է կառուցել ոչ միայն երկաթգիծ, այլև ավտոմայրուղի, ինչպես նաև անցկացնել նավթա-գազատար խողովակաշարեր։
Դիտորդները համարում են, որ Թուրքիայի նախաձեռնությունը «կարող է միջազգային աջակցություն գտնել»՝ կապված «Հորմուզի նեղուցի շուրջ անորոշության հետ»։ Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան ունի «Զարգացման ճանապարհ» անվանումով «տրանսպորտային միջանցք ստեղծելու նախագիծ», բայց՝ իրաքյան Բասրայից մինչև Ջեյհան նավահանգիստ։
Բաքվի իշխանական haqqin.az-ի գնահատմամբ, «Հիջազի ճանապարհ» նախագիծը կարող է ներառնել նաև Կենտրոնակա Ասիա-Թուրքիա հաղորդակցությունը, որ «կիրականացվի Ադրբեջանով և Հայաստանով»։
Որքանո՞վ է թուրքական նախագիծը իրատեսական, չափազանց բարդ է ասել։ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը իրանա-ամերիկյան բանակցությունների առարկա է։ Կարելի է վստահաբար ասել, որ «Հիջազի ճանապարհ» նախագծին Իսրայելը դեմ է և ձգտելու է, որ այն իրականություն չդառնա։ Մանավանդ որ Իսրայելը և Հնդկաստանը իրենց հերթին քննարկում են Պարսից ծոցից մինչեւ Միջերկրական ծովի իսրայելական նավահանգիստներ տրանսպորտային միջանցք ստեղծելու նախագիծը։
Կարելի է արձանագրել, որ հաղորդուղիների եւ բեռնափոխադրումների անընդմեջ շղթաների ստեղծման շուրջ մրցակցությունը Մերձավոր Արևելքում մոտալուտ կարգավորման հեռանկարը դարձնում են ավելի անորոշ։ Այս համատեքստում TRIPP նախագծի իրականացումը ամեն ինչից զատ Հայաստանի համար ստանում է անվտանգային երաշխիքի նշանակություն։









































