Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում կայացրած որոշումների կապակցությամբ, որոնք, ինչպես հայտնի է, վերաբերում էին այսպես կոչված համաժողովրդական շարժման գրասենյակներ հիմնելուն: Գագիկ Ծառուկյանը նման հանձնարարություններ է տվել իր մի շարք կուսակցական ֆունկցիոներների, կազմակերպել տարածքային շտաբների բացումը և՛ մարզերում, և՛ Սփյուռքում: Եվ ահա այս կապակցությամբ, կարելի է ասել, անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը, որում նշվում է, որ շտաբների բացման գաղափարն ինքը վատ չէ, սակայն արդյունավետ չի աշխատի, եթե թուլանա Ազատության հրապարակում պայքարը:
ՀԱԿ-ի այս հայտարարությունը վկայում է մի քանի կարևոր գործոնների մասին: Նախևառաջ՝ ՀԱԿ-ի անդրադարձը հաստատում է, որ ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի հանձնարարականներն, ըստ էության, ակնհայտորեն եռյակի ֆորմատի առաջնորդության հայտ են և դրսևորում այն բանի, որ ֆորմատի մարտավարությունը ոչ թե երեքն են որոշում, այլ մեկը, և այդ մեկը Գագիկ Ծառուկյանն է:
ՀԱԿ-ի հայտարարությունն ակնհայտորեն վկայում է, որ Կոնգրեսի համար Ծառուկյանի հանձնարարականների առնվազն բնույթը անընդունելի է, հղի է եռյակի ֆորմատում Կոնգրեսի լուսանցքայնությամբ: Չի բացառվում նաև, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին իր դժգոհությունը հայտնել է նաև, այսպես ասած, ներքին կարգով, սակայն ԲՀԿ-ն այն մերժել է կամ արհամարհել, ինչն էլ առիթ է հանդիսացել առանձին հրապարակային հայտարարությամբ ըստ էության ահազանգ հնչեցնելու:
Միևնույն ժամանակ հստակ է նաև մեկ այլ նրբերանգ: Խնդիրն այն է, որ հանրահավաքները ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համար ունեն տարբեր նշանակություն: Երբ հանրահավաքային ակտիվ գործընթաց է, ապա թեկուզ զուտ հռետորական առումով, այնուամենայնիվ, ՀԱԿ-ն այստեղ անելիք է ունենում: Մինչդեռ ԲՀԿ-ի համար հանրահավաքային պայքարը նախընտրելի չէ մի քանի պատճառով, որոնցից երկուսն առանցքային են. ԲՀԿ-ն, այնուհանդերձ, իշխող համակարգի մաս կուսակցություն է, և ԲՀԿ-ի ուժը, այսպես ասած, կառուցվածքներն են, այլ կերպ ասած՝ ներքին աշխատանքը տեղերում: Սրանից զատ, հանրահավաքներում Գագիկ Ծառուկյանի ներկայությունն ու ելույթները ուղղակի զավեշտալի են դառնում, և Ծառուկյանի համար զուտ հռետորական իմաստով ավելի ու ավելի ծանր բեռ կդառնան հանրահավաքները: Այնպես որ ԲՀԿ-ն իրեն ինչպես ձուկը ջրում է զգում, այսպես ասած, կառուցվածքային աշխատանքներում: Սակայն առանց դրանց էլ ՀԱԿ-ն է հայտնվում ծուղակում, և ոչ այն է՝ հրաժարվել ԲՀԿ-ից, ոչ այն է՝ հաշտվել ԲՀԿ-ի ստվերում մնալուն:
Սրանով հանդերձ, հանրահավաքների դադարեցումն իհարկե մեկ այլ բան է նշանակում ՀԱԿ-ի համար՝ համենայն դեպս դատելով տարածված հայտարարությունից: Հայտարարության մեջ նշվում է, որ հանրահավաքային ակտիվ շրջանի դադարեցումը իշխանություններին թույլ կտա մոբիլիզացնել ուժերն ու վերադասավորվել: Իրականում ՀԱԿ-ի անհանգստությունն այս տողերում արտահայտվում է, այսպես ասած, կոնտեքստում, այն է՝ իշխանությունների և ԲՀԿ-ի կուլիսային հարաբերությունների հարցում առկա տագնապով:
ՀԱԿ-ի մտահոգությունն այն է, որ հանրահավաքների դադարեցումը կարող է լինել իշխանությունների և ԲՀԿ-ի պայմանավորվածություն, առավել ևս, որ ԲՀԿ-ի քաղխորհրդի որոշումը եղել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ի հայտարարությունը անվստահությունն է ԲՀԿ-ի գործողությունների հանդեպ: Ըստ որում՝ սա ամենևին էլ առաջին անգամը չէ, երբ ՀԱԿ-ը հանդես է գալիս ԲՀԿ-ի հետ կապված նման մեսիջներով: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցներն ու ելույթները մշտապես պարունակել են նման մեսիջներ, սակայն դրանք բավական նուրբ են եղել, իսկ վերջին հայտարարությունը բավական բաց է: Դա բնականաբար պայմանավորված է նրանով, որ Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական» հորդորները որևէ արդյունք չեն տվել, և ԲՀԿ-ն շարունակում է խաղալ զուտ իր խաղը՝ օգտագործելով ՀԱԿ-ին: ՀԱԿ-ը, սակայն, կրկին դատելով հայտարարությունից, ըստ էության, դեմ չէ օգտագործվելուն, պարզապես դեմ է, որ ԲՀԿ-ն դա անի ավելի ու ավելի բացահայտ ձևով: Սակայն ԲՀԿ-ն, ըստ երևույթին, մերժելու է ՀԱԿ-ի նաև այս մեսիջները, ինչի մասին է վկայում կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանի արձագանքը, որում նա ըստ էության ասում է, որ ԲՀԿ-ն ունի իր պլանները և ՀԱԿ-ի տեսակետը չի կարող ԲՀԿ-ին շեղել դրանցից: Ուրիխանյանը ՀԱԿ-ին իրավունք է տալիս հանրահավաքներ անել ինքնուրույն, երբ և որտեղ կցանկանան: Սա պարզապես հայտարարություն է այն մասին, որ ԲՀԿ-ի համար եռյակի ֆորմատ այլևս չկա, և «Բարգավաճ Հայաստանը» ՀԱԿ-ին դնում է ընտրության առաջ՝ կա՛մ համակերպվել ԲՀԿ-ին ենթակա կարգավճակին և վարվել այնպես, ինչպես կորոշի Գագիկ Ծառուկյանը, կա՛մ մտածել «քաղաքագիտական նոր վերլուծությունների» մասին, եթե կգտնվի դրանց որևէ նոր գնորդ:









































