«Դուք մեր Ազգային ժողովը տեսնում եք, իրենց լեզուն տեսնում եք: Բա որտեղի՞ց ենք սովորում՝ ձեր կարծիքով: Ոնց որ թե նորմալ երևույթ է: Խաղաղ պայմաններում սա է մեր վիճակը: Հայերը պետք է իրար անպատվեն, իրար հետ վատ վերաբերվեն: Մեր ազգային մենթալիտետն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ վարչության, մասնավորապես՝ գեներալ Մանվել Գրիգորյանի և ԲՀԿ-ական թևի ազատամարտիկների միջև սկսված հակամարտությանը և փոխադարձ վիրավորանքներին:
«Չեմ ասի, որ ազատամարտիկները երկու թևի են բաժանվել ու դուրս են եկել իրար դեմ: Ամերիկան ու Ռուսաստանը չենք, մեր մեջ ուրիշ պետություններ էլ կան, ուրիշ ազատամարտիկներ: Ամեն դեպքում ազատամարտիկների միջև ծագած վիճաբանությունն ավելի ձեռնտու էր մեր թշնամուն, քան թե մեզ: Ես դրան դեմ եմ: Մենք պետք է ունենանք տարաձայնություն, բայց դա նորմի մեջ պետք է մնա»,- հավելեց Կոմանդոսը:
Մեր հարցին, թե մտավախություն չունի՞, որ ազատամարտիկների այս երկու թևերի միջև ստեղծված հակամարտությունը կարող է ավելի վատ դրսևորումներ ստանալ, հաշվեհարդարի վերածվել, Կոմանդոսը նկատեց. «Չէ, չեմ հավատում: Մենք առաջին օրվանից ունեցել ենք նման բանավեճեր, մենք Մարտի 1 ենք ունեցել: Մենք բոլորս հայ ենք ու մեր չափերը գիտենք: Մենք կարող ենք հասնել վիճակի, որ անպատվենք միմյանց, բայց որ իրար դեմ դուրս գանք զենքով՝ ես չեմ հավատում: Մենք թշնամի ունենք, որը մեզ ստիպում է իրար անպատվելու չափերն իմանալ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































