Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիան միշտ էլ եղել է հաշվարկով ամուսության նման, որը համախմբված է եղել ավելի շատ ընդդեմ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին վարչակազմի, քան ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ: Այս մասին գրում է «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:
Սակայն ենթադրվում էր, որ այն միասնական կլինի մինչև 2016-ին կայանալիք հաջորդ ընտրություններ, քանի որ ավելի շատ կշահի միմյանցից կախվածություն ունենալու դեպքում, քան միմյանց դեմ կռվելու:
Երեքշաբթի այդ ենթադրությունը «փլուզվեց»: Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պաշտոնանկ արվեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից: Ճգնաժամը սկիզբ էր առել անցած շաբաթ, երբ պաշտպանական գերատեսչության մեկ նախկին և 4 ներկայիս պաշտոնյաներ հայտնվել էին հետաքննության տակ՝ գնումներին առնչվող պայմանագրի պատճառով: Ալասանիան, որն այդ ժամանակ Գերմանիայում էր, մեղադրանքները համարել է «քաղաքականապես մոտիվացված» և «հարձակում Վրաստանի եվրաատլանտյան ընտրության վրա»:
«Ալասանիան ավելին էր, քան Վրաստանի պաշտպանության նախարարը: Համաձայն օգոստոսին Ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացրած հարցումների՝ նա ամենամեծ ժողովրդականությունը վայելող քաղաքական գործիչն է Վրաստանում: Նա արևմտյան երկրների և մասնավորապես ԱՄՆ-ի հետ Վրաստանի կառավարության հարաբերությունների գլխավոր խորհրդանիշն էր»,- գրում է Թոմաս դե Վաալը:
Վաշինգտոնն ու Բրյուսելը վերջին ամսիներին նախազգուշացումներ են ուղարկում նախկին կառավարության անդամների դեմ քրեական հետապնդումների վերաբերյալ:
Մեծ հարց է՝ Ալասանիայի հեռանալը կտապալի՞ կառավարությունը՝ հարցադրում է անում հոդվածագիրը:
Թոմաս դե Վաալը նշում է, որ վրացական քաղաքական դաշտին հետևողները նկատած կլինեն վերջին ամիսներին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ընդհարումները, սակայն վերջերս դրանք դադարել են: Վիեննայոմ ելույթ ունենալիս նախագահն ակնարկներ է արել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վերաբերյալ՝ ասելով. «Երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտներով, այլ ոչ թե կուլիսներից»:
«Սահմանադրական ճգնաժամը կարող է հանկարծակի բազմաթիվ լծակներ տալ Մարգվելաշվիլիին, որի իշխանությունը բավականին սահմանափակ է»,- գրում է հոդվածագիրը:
Ղարիբաշվիլն կարող է ներկայումս հետաձգել հարաբերություների պարզաբանումը: Սակայն «Վրացական երազանք» կոալիցիայի միասնությունն ավարտվեց: Այդ մեծ կոալիցիայի փլուզումն անխուսափելի էր: Միակ զարմանալի բանն այն է, որ դա տեղի ունեցավ այսքան շուտ, եզրափակում է Թոմաս դե Վաալը:









































